10:03 | 20.03.13 | Հոդվածներ | exclusive 1838

ARPA. Մեր հիմնական նպատակն է՝ օգնել Հայաստանի երիտասարդ գիտնականներին

Մոտ մեկ ամիս առաջ Քալիֆորնիայում տեղակայված Հայաստանի համար վերլուծա-հետազոտական եւ պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտը (Analysis Research and Planning for Armenia, ARPA) դրամահավաք է սկսել Հայաստանի համար ԴՆԹ-սեքվենսորի ձեռքբերման նպատակով: ԴՆԹ-սեքվենսորը գիտական սարքավորում է, որն օգտագործվում է ԴՆԹ հաջորդականության որոշման ավտոմատացման նպատակով:

Հայաստանում նման սարք դեռեւս գոյություն չունի: Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը իր նամակում գրում էր, որ սարքի ձեռքբերման համար անհրաժեշտ  է հավաքագրել $25 հազ., ինչը սարքի արժեքի կեսն է: Դրամահավաքն անցկացվում է կայքում մինչեւ ս.թ. մարտի 30-ը:

«Ծրագրի նպատակն է ձեռք բերել Հայաստանի համար ժամանակակից ԴՆԹ-սեքվենսոր եւ պատրաստել կադրեր, որոնք կաշխատեն սարքավորման հետ: Դա թույլ կտա բացահայտել հազարավոր հիվանդությունների գենետիկական ասպեկտները, ինչը խիստ կարեւոր է», - գրում էր Հակոբ Փանոսյանը:

ARPA ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցության խթանումը՝ կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական եւ տեխնոլոգիական ոլորտներում:

Կազմակերպության վերջին նախաձեռնությունը առիթ է հանդիսացել զրուցելու Հակոբ Փանոսյանի հետ ինստիտուտի գործունեության մասին:

- Պարոն Փանոսյան, նախ` շնորհակալություն Ձեզ եւ APRA-ի մյուս անդամներին ազգանվեր գործունեության համար: ԴՆԹ-սեքվենսորի մասին ձեր տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե ինչ կարեւորություն ունի այս սարքավորումը: Դուք երկար տարիներ համագործակցում եք Հայաստանի կառավարության հետ, ինչո՞ւ մինչ այժմ իշխանությունները ձեռնամուխ չեն եղել դրա ձեռքբերմանը, հատկապես, հաշվի առնելով, որ գինն ամենեւին աստղաբաշխական չէ:

- Այդ հարցը պետք է ուղղել կառավարությանը: Մեր հիմնական նպատակն է՝ օգնել ՀՀ երիտասարդ գիտաշխատողներին, որպեսզի իրենք կատարեն իրենց հետազոտությունները արդիական գիտա-տեխնոլոգիական միջոցներով՝ նորարարություններով, նոր արտադրանքով եւ գյուտերով նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը:
 
- Կպատմե՞ք ARPA-ի ներկայիս գործունեության մասին: Ինչո՞վ է զբաղվում ինստիտուտը, ինչ հետազոտական աշխատանքներ է իրականացնում:

-  Մենք կազմակերպում ենք հեռահար ուսուցման սեմինարներ, որոնց ժամանակ ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մասնագետները գիտության եւ ճարտարագիտության նորույթների մասին իրենց գիտելիքները տեղեկությունները փոխանցում են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին: Ունկնդիրները այս սեմինարների ընթացքում ուղղում են իրենց հարցերը եւ ստանում են պատասխաններ: 

Արդեն հինգերորդ տարին, է որ ARPA-ն ՀՀ համալսարանների ուսանողների համար կազմակերպում է ամենամյա «Նորարարության Մրցում»-ը, որի նպատակն է քաջալերել ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին հանդես գալու նոր գյուտերով:

ARPA-ի եւ ՀՀ Մշակույթի նախարարության միջեւ համաձայնություն կա e-Archeology ծրագիր իրականացնելու համար: Այս ծրագրի նպատակն է թվայնացնել ՀՀ տարածքում գտնվող բոլոր պատմա-հնագիտական (թանգարանային եւ այլ) իրերն ու հուշարձանները:

Անշուշտ, ARPA-ի ԴՆԹ-ի (DNA) ծրագիրը, որի կարեւորությունը ՀՀ տնտեսական եւ գիտահետազոտական զարգացման համար անգնահատելի է:

Լոս Անջելեսում մեր ամենամսյա դասախոսությունները միտված են Հայաստանի են հայության հետ կապված կարեւոր տեղեկություններ եւ խնդիրների քննարկմանը: Զանազան հարցերի շուրջ մասնագիտական բանավեճեր ենք կազմակերպում հայության եւ Հայաստանի կարեւոր հարցերի շուրջ:
 
- Ինչպե՞ս է ծավալվում APRA-ի եւ Հայաստանի իշխանությունների գործակցությունն այսօր: Ո՞ր ուղղություններով եք համագործակցում եւ ինչպիսի՞ արդյունքներ կան:

- ARPA-ի նպատակները հնարավոր է իրագործել միայն ՀՀ կառավարության աջակցությամբ, քանի որ մեր գործունեությունը կայանում է Հայաստանին մասնագիտական ծառայություններ տրամադրելու մեջ: Մեր հիմնական թիրախն է երիտասարդությունը: Մեր անդամները բարձր մակարդակի մասնագետներ են ու բոլորն էլ աշխատում են անվճար, կամավոր կերպով:

ARPA-ն ուսումնասիրում է ՀՀ գիտատեխնիկական տարբեր բնագավառները եւ, ըստ մեր մասնագետների եզրակացությունների, ծրագրեր կազմում: Արդյունքների տեսանկյունից, մենք արյան փոխներարկման եւ հետազոտման ամենաարդիական կենտրոն հիմնեցինք Էրեբունի հիվանդանոցում (որն այժմ, դժբախտաբար, սեփականաշնորհված է):

Արդեն 7 տարի է, ինչ Կրթության եւ գիտության նախարարությունը մեր մշակած «Առողջ Ապրելակերպ եւ Կյանքի Ոճ» կրթական ծրագիրը ներդրել է հանրակրթական դպրոցներում:

Հայաստանում եւս մենք պարբերաբար կազմակերպում ենք գիտաժողովներ եւ մասնագիտական ուսումնասիրություններ:
 
- Գիտության ոլորտն այսօր Հայաստանում խորը ճգնաժամում է: APRA-ի հիմնադիր հայազգի գիտնականները, համոզված ենք, քաջատեղյակ են այդ մասին: Տանո՞ւմ եք արդյոք աշխատանքներ հայ գիտնականների եւ գիտությունների ակադեմիայի հետ եւ ինչպիսի՞ հեռանկարներ եք այստեղ տեսնում:

- Մեր աշխատանքների կիզակետում ուսանողներն են եւ երիտասարդությունը, քանի որ Հայաստանի ապագան իր նոր սերունդն է, որն իր առողջ մտածելակերպով եւ որպես ՀՀ գիտակից քաղաքացի, պիտի առաջնորդի երկիրը դեպի զարգացում:
 
Հայաստանի ապագան լավն է լինելու, միայն եթե նոր սերունդը կարողանա թոթափել խորհրդային կարգերի ժառանգած արատավոր երեւույթները: Կուզենք տեսնել երիտասարդություն, որն իրեն զգում է իր երկրի տերը եւ սրտացավորեն է վերաբերվում իր երկրին, ժողովրդի առողջությանը, բնության անաղարտ պահպանմանը եւ ՀՀ բարգավաճմանը բոլոր բնագավառներում: Արդեն իսկ հուսադրում են երեւույթներ, երբ տեսնում ենք իրենց իրավունքներին տեր կանգնող գիտակից երիտասարդների ելույթներ եւ արարքներ:

Հակոբ Փանոսյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: