14:17 | 27.02.13 | Նորություններ | 4727

Հայաստանի եւ Արցախի 50 դպրոցում ռոբոտաշինության խմբակներ կբացվեն

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի եւ   Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ նախաձեռնել է 2013-ին Հայաստանի եւԱրցախի 50 դպրոցում ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու ծրագիրը:

Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ,   զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաեւ ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական  համալսարաններում սովորելուն, հայտնել են ԻՏՁՄ-ից: 

«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող եւ ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ: Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցի կտրամադրվեն ուսումնական ռոբոտների համապատասխան կոմպլեկտներ»,- այսօր ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համոզմունք է հայտնել, որ դպրոցը իդեալական միջավայր է Հայաստանում ռոբոտաշինության ուղղությամբ ամուր հիմքեր ստեղծելու համար: «Վստահաբար, սովորողներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ոլորտում՝ գերկարեւոր այդ բնագավառում դառնալով մեր երկրի մրցակցային առավելության կրողներն աշխարհում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Դպրոցական խմբակներում դասընթացները նախատեսված են 2013-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաեւ համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտների ծրագրավորումը հնարավոր կլինի LabView, Microsoft Robotics Studio ծրագրերի միջոցով:

Այսօր ռոբոտաշինության խմբակներ կան Երեւանում գործող Այբ դպրոցում, Քվանտ եւ Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) եւ Արագածոտնում (Թալին):