15:29 | 25.02.13 | Նորություններ | 3558
Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Ճամբարակ քաղաքներում Orange-ի աջակցությամբ բացվել են գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, հայտնել են ընկերությունում:
Կենտրոնները թույլ են տալիս այս բնակավայրերի բնակիչներին, առանց տանը համակարգիչ ու ինտերնետ ունենալու անհրաժեշտության, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, սովորել կիրառել տարբեր ծրագրեր, մուտք ունենալ դեպի համաշխարհային ցանց, մասնակցել տարբեր քննարկումների ու ֆորումների, ինչպես նաեւ՝ կրթական ծրագրերի:
«Գիտակցելով, որ դեռեւս ոչ բոլորն են կարող ունենալ սեփական համակարգիչ տանը եւ օգտվել ինտերնետից, մենք մեր պատասխանատվությունն ենք համարում օգնել այդ խոցելի խմբերին, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ինտերնետը նոր է սկսում դառնալ առօրյա գործիք»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Մարտունու համակարգչային սրահը ստեղծվել է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Սրահի 5 համակարգիչների, տպիչի եւ Orange Ֆլայբոքս երթուղիչի շնորհիվ համակարգչային սրահում իրականացվում են ոչ միայն համակարգչային ծրագերի, այլ նաեւ բլոգային հարթակների օգտագործման եւ օն-լայն լրագրության դասընթացներ: Սրահի ստեղծման համար Orange-ը տրամադրել է 2 մլն դրամ:
Ճամբարակի համակարգչային սրահը ստեղծվել է տեղական «Բերքաշատ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 1.9 մլն դրամ: