14:04 | 18.02.13 | Նորություններ | 1180

Ինտերնետ-ընտրություններ. ինչո՞ւ ոչ

Այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ են, եւ այս առիթով հանրապետությունում ոչ աշխատանքային օր է, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հարմար ժամին գնան ընտրատեղամասեր եւ քվեարկեն:

Համոզված ենք, մեզանից շատերը, հատկապես՝ երիտասարդները, կնախընտրեին չգնալ ընտրատեղամասեր եւ փոխարենը կատարել իրենց քաղաքացիական պարտքը տանից՝ ինտերնետով:

Այս հաճույքից ընթացիկ ընտրություններում կարող է օգտվել ընդամենը շուրջ 250 մարդ, այն էլ՝ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները, որոնք կարող են քվեարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Մինչդեռ, օրինակ, Էստոնիայում ինտերնետի միջոցով քվեարկելու հնարավորություն ունի ամբողջ բնակչությունը:

Էլեկտրոնային ընտրություններ

Էլեկտրոնային ընտրությունների պարագայում, անկախ այն հանգամանքից՝ կատարվում են դրանք տնից ինտերնետով, թե ընտրատեղամասերում տեղադրված հատուկ տերմինալների միջոցով, ավանդական եղանակի նկատմամբ էական առավելությունը ձայների ակնթարթային հաշվարկն է եւ մարդկային գործոնի բացառումը:

Սակայն, ընտրությունների ժամանակ համակարգիչների օգտագործումը այսօրվա դրությամբ վիճելի է: Որոշ փորձագետներ պնդում են, որ էլեկտրոնային ընտրությունները թույլ չեն տալիս հետեւել քվեարկության ընթացքին եւ կարող են կեղծվել հաքերների կողմից: Գերմանիայի սահմանադրական դատարանը 2009թ. մարտին անգամ որոշում է կայացրել՝ արգելելով համակարգիչների օգտագործումն ընտրությունների ժամանակ:

Այնուամենայնիվ, էլեկտրոնային ընտրությունները թեեւ դանդաղ, բայց ներթափանցում են մեր կյանք: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Էստոնիան արդեն իսկ կիրառել են ինտերնետ քվեարկության տեխնոլոգիան տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ՝ տեղականքներից մինչեւ խորհրդարանային:

Այսօրվա դրությամբ այս հարցում բոլորից առաջ է գնացել Էստոնիան՝ շուրջ 1.5 մլն բնակչությամբ մերձբալթյան պետությունը, որի փորձը, անշուշտ, կարող է հետաքրքիր լինել Հայաստանի համար:


Էլեկտրոնային քվեարկության էստոնական համակարգում օգտագործվում են այդ երկրի քաղաքացիների նույնականացման քարտերը, որոնք քաղաքացուն տալիս են հեռացված եւ անվտանգ նույնականացման հնարավորություն

Էլեկտրոնային քվեարկության գաղափարն էստոնական իշխանությունների մոտ ծագել է 2001 թ-ին: Առաջին անգամ այն իրագործվել է 2005թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, երբ Էստոնիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ ինտերնետ քվեարկությունը ճանաչվել է որպես ընտրություններին մասնակցելու եղանակներից մեկը: Այդ ժամանակ էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցել է 9317 ընտրող: Համակարգն իրեն արդարացրել է, ինչը թույլ է տվել նույն ճանապարհով անցկացնել նաեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունները, որոնք նախագահական ընտրություններ չունեցող Էստոնիայում կարեւորագույն քաղաքական իրադարձությունն են: Այդ ժամանակ ինտերնետով քվեարկել է արդեն 30 275 քաղաքացի:

Տեխնոլոգիա

Էլեկտրոնային քվեարկության էստոնական համակարգում օգտագործվում են այդ երկրի քաղաքացիների նույնականացման քարտերը, որոնց համանմանները ներդրվում են նաեւ Հայաստանում:

Քարտը քաղաքացուն տալիս է հեռացված եւ անվտանգ նույնականացման հնարավորություն, որի միջոցով կարելի է քվեարկել հեռահար ռեժիմում ընտրությունների պաշտոնական օրվանը նախորդող 4-6 օրվա ընթացքում, ընդ որում, նախքան ընտրությունների պաշտոնական օրը, ընտրողները կարող են որքան ուզում են փոփոխել իրենց քվեն:

2009թ. Էստոնայի ՏԻՄ ընտրություններում ինտերնետով քվեարկել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 9,5%-ը կամ 104 415 մարդ, իսկ 2011թ. խորհրդարանական ընտրությունները ռեկորդային են դարձել մասնակիցների թվով. փետրվարի 24-ից մարտի 2-ը ինտերնետով քվեարկել է ընտրողների 24,5%-ը կամ 140 846 մարդ:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն արդեն իսկ խիստ դրական ազդեցություն են ունեցել բազմաթիվ երկրներում ժողովրդավարության զարգացման գործում, եւ հեռու չէ այն օրը, երբ դրանք կսկսեն համատարած կիրառվել նաեւ ժողովրդավարության «իրագործման» կարեւորագույն փուլի՝ ընտրությունների ժամանակ:

Ռուբեն Հարությունյան