17:23 | 05.02.13 | Նորություններ | 3838

Orange-ը երկրորդ անգամ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» ծրագիրը

Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» եւ «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը:

Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը, ովքեր կկարողանան մասնակցել այդ թեմաներին նվիրված ծնողական ժամին, հայտնել են ընկերությունում:

«Որպես Հայաստանում շարժական ինտերնետի ամենամեծ մատակարարը՝ մենք հոգ ենք տանում այն մասին, որ մեր բաժանորդներն ունենան ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները, կարողանան պաշտպանել իրենց տեղեկություններն ու համակարգիչը, ինչպես նաեւ երեխաներին՝ ոչ պատշաճ բովանդակությունից: Այնուամենայնիվ մենք չենք սահմանափակվում անհրաժեշտ ծառայությունների եւ լուծումների տրամադրմամբ, եւ որպես պատասխանատու ընկերություն՝ ուրախությամբ ենք միացել այս լայնամասշտաբ կրթական ծրագրին», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Բացի այդ, Orange-ը, համագործակցելով Kaspersky Labs ընկերության հետ, արդեն անցյալ տարվանից իր բաժանորդներին է առաջարկում Kaspersky Internet Security ծրագիրը, որը համակարգչից օգտվող երեխաների համար ապահովում է պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:

Անցյալ տարի նույն ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են Երեւանի եւ մարզերի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին: Ծրագրի մեկնարկի օրվանից www.safe.am կայքն ունեցել է ավելի քան 12 000 այցելություն, անվտանգ ինտերնետի վերաբերյալ խաղը բացվել է ավելի քան  7 000 անգամ, իսկ ուսումնական ձեռնարկներն ու ծնողական ուղեցույցները ներբեռնվել են ավելի քան  4000 անգամ: