17:57 | 31.01.13 | Նորություններ | 1109

Հայաստանը կհյուրընկալի Kaspersky Lab-ի միջազգային ուսանողական կոնֆերանսը

2013թ. փետրվարի 20-ից 22-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի կունենա “Kaspersky laboratory” ընկերության կողմից անցկացվող տեղեկատվական անվտանգության հարցերով «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ” փուլը, հայտնել են համալսարանում:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա այս տարվա հունիսին, Լոնդոնում, որին կմասնակցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում մինչ այդ կայացած ընտրական հինգ փուլերի հաղթողները։

Կոնֆերանսին կմասնակցեն ուսանողներ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի բուհերից: Այս կոնֆերանսն ուսանողներին հնարավորություն կընձեռի կենդանի շփում ունենալ տեղեկատվական անվտանգության բնագավառի առաջատար մասնագետների հետ, միջազգային շփման փորձ կուտակել, կատարել փորձի եւ գիտելիքի փոխանակում, ինչպես նաեւ մասնագիտական հմտություններ ձեռք բերել, ինչը կնպաստի սեփական կարիերային:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ներկայացված աշխատանքների թեմաներն են.
•    նոր հարթակներ. նոր մարտահրավերներ,
•    ամպային համակարգերի, վիրտուալացնող ծառայությունների եւ տեղեկատվության մեծ ծավալների մշակման ենթակառուցվածքների անվտանգություն,
•    տեղեկատվության պաշտպանության հեռանկարային տեխնոլոգիաներ,
•    կորպորատիվ ենթակառուցվածքի անվտանգություն,
•    տեղեկատվական անվտանգության բնագավառի կրթություն։

Կոնֆերանսի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության դիպլոմներ եւ հուշանվերներ, իսկ լավագույն 3 աշխատանքների հեղինակները կարժանանան դրամական մրցանակների եւ կմեկնեն Լոնդոն՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար։

Հաղթողների համար նախատեսված են հետեւյալ դրամական մրցանակները. 1-ին տեղ՝ 1000 ԱՄՆ դոլար, 2-րդ տեղ՝ 750 ԱՄՆ դոլար եւ 3-րդ տեղ՝ 500 ԱՄՆ դոլար։

Կոնֆերանսին ներկա լինելու համար ցանկալի է նախապես գրանցվել ընկերության կայքէջում:

ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի համագործակցությունը “Kaspersky laboratory” ընկերության հետ ունի 6 տարվա պատմություն: Ամբիոնն անդամակցում է նաեւ Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից եւ գործիքներից, ինչպես նաեւ ժամանակակից ուսումնական պաշարներից: