ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
05:26 | 26.12.12 | Նորություններ | 2430
Google, IBM, Intel եւ Oracle կորպորացիաների փոխնախագահները 2013-ին կայցելեն Հայաստան՝ ներդրումային հնարավորությունների քննարկման նպատակով, այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Ըստ նրա, պայմանավորվածությունները ձեռք են բերվել այս ամիս վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի ժամանակ:
«ՀՀ կառավարության եւ Intel-ի միջեւ կնքվեց Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիրը, իսկ Corporation America ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրվեց Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիրը, որտեղ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $25 մլն», -ասել է նախարարը:
Նա շեշտել է նաեւ, որ 2012թ. դեկտեմբերին Հայաստանի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակի բացումը ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, որը կզբաղվի դեպի Հայաստանի ՏՏ-հատված ներդրումների ներգրավմամբ, խթան կհանդիսանա ոլորտի համար:
«Այս ամիս ստորագրվեց նաեւ Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը: Վենչուրային ֆոնդը կխթանի ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպությունների ձեւավորմանը` հնարավորություն ընձեռելով ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն», - ասել է Տիգրան Դավթյանը:
Անդրադառնալով տարածաշրջաններում ՏՏ-հատվածի զարգացմանը, Տիգրան Դավթյանը նշել է, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործարկման հաջողված փորձի հիման վրա նախատեսվում է տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաեւ Վանաձորում:
Խոսելով ոլորտի ներկայիս իրավիճակի մասին, Տիգրան Դավթյանն ասել է, որ ՀՀ ՏՀՏ-հատվածում գործում են շուրջ 350 ձեռնարկություններ, որոնցից 107-ը օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր են, ոլորտի տարեկան հասույթը կազմում է մոտ $205 մլն, որից $120 մլն-ը ձեւավորվում է արտահանման հաշվին, իսկ զբաղվածների թիվը ոլորտում կազմում է շուրջ 6 800 մասնագետ: