03:15 | 05.12.12 | Նորություններ | 2070

Հեքըթոն(ՅԱՆ) մրցույթն այս տարի ոլորտային ուղղվածություն չունի

Հեքըթոն(ՅԱՆ) 2012 նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 22-23-ին Մերգելյան կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, mLab ECA-ի, Սորսիո ընկերության եւ Հանրային լրագրության ակումբի համատեղ ջանքերով:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանն այսօր ասել է, որ մրցույթն այս տարի ոլորտային ուղղվածություն չունի: Նա տեղեկացրել է, որ իրենց կենտրոնն այս տարի մրցանակներ է նախապատրաստել 3 անվանակարգերում` Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հիմքով ամենանորարար լուծում, լավագույն Windows 8 հավելված եւ լավագույն Windows Phone հավելված:

Առանձին անվանակարգեր է սահմանել նաեւ mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան` լավագույն Android հավելված, լավագույն iOS հավելված եւ լավագույն համայնքային լուծում:

Լաբորատորիայի ղեկավար Մարիամ Դավթյանն ասել է, որ «համայնքային լուծում» անվանակարգում հայտնվելու համար թիմերը պետք է ներկայացնեն գյուղական համայնքների զարգացմանը նպաստող շարժական հավելվածներ:

Սորսիո ընկերությունը, դրամաշնորհներից բացի, աշխատանքային առաջարկներ է պատրաստվում ներկայացնել լավագույն թիմերին, իսկ Հանրային լրագրության ակումբը հատուկ մրցանակ է նախատեսել մեդիա բաղադրիչ պարունակող լավագույն հավելվածի համար:

Մայքրոսոֆթ Ար Էյ-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդներին եւ նորաստեղծ կազմակերպությունների համար տեսանելի դառնալ շուկայում եւ առաջխաղացնել իրենց արտադրանքը:

«Մրցույթը բացառիկ հնարավորություն է թիմերի համար վերածվելու նորաստեղծ կազմակերպությունների: Այն կօգնի նաեւ գտնել գործընկերներ, ինչպես նաեւ Հայաստանը տեխնոլոգիական բնագավառում առաջ տանել եւս մեկ քայլով»,-իր հերթին ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 9-ն է: Մանրամասն տեղեկությունները հասանելի են www.micarmenia.am կայքում: