00:14 | 23.11.12 | Նորություններ | 3630

Orange-ը սատարում է «Հայաստանի իշխանությունների վճռական որոշումը ներդնել MNP-ն 2013-ի հուլիսին»

Երեւան/Մեդիամաքս/. Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասել է, որ «Orange-ը սատարում է Հայաստանի իշխանությունների վճռական որոշումը ներդնել համարների տեղափոխության համակարգը 2013թ. հուլիսին»:

Ֆրանսիս Ժելիբտերն այդ մասին ասել է` Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Orange Արմենիայի դիրքորոշումը Հայաստանում համարների տեղափոխության համակարգի (MNP) ներդրման վերաբերյալ:

«Այս ամսվա սկզբից համարների տեղափոխության համակարգի թեման (MNP) դարձել է օրակարգային եւ թեժ քննարկումներ նյութ:

Orange-ը սատարում է Հայաստանի իշխանությունների վճռական որոշումը ներդնել համարների տեղափոխության համակարգը 2013թ. հուլիսին:

Համարների տեղափոխության համակարգը բաժանորդներին տալիս է ազատություն` ընտրելու ցանկացած օպերատոր եւ չկորցնել ներկա հեռախոսահամարը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս երկար սպասված նախաձեռնությունը հաջող կերպով ներդրվի Հայաստանում` նաեւ կիսելով  եվրոպական շուկաներում Orange Խմբի ձեռք բերած նշանակալի փորձը, երբ դրա կարիքը լինի: Ի դեպ, այս ծառայությունը ներդրվել է Եվրոպական Միության բոլոր երկրներում, քանի որ MNP-ն պարտադիր է ԵՄ բոլոր երկրների օրենսդրությամբ`որպես սպառողի իրավունք:

Այժմ, երբ մենք տոնում ենք մեր ընկերության երրորդ տարեդարձը Հայաստանում «Ժամանակն է միանալ Orange-ին» կարգախոսով, ես հպարտ եմ, որ մեր ընկերությունն ավելի քան հաճախ հանդես է գալիս որպես նորարարությունների առաջատար, որի նախաձեռնությունները հաճախ վարակիչ են լինում: Չորս տարուց էլ պակաս ժամկետում մենք կառուցել ենք գերժամանակակից ցանց, որը ծածկում է բնակչության 95%-ից ավելին, եւ շարունակում ենք ընդարձակել մեր ներկայությունն ամեն ամիս: Համարների տեղափոխելիությունը բաժանորդներին կբերի իրական ընտրության հնարավորություն եւ անմիջապես կբարելավի հեռահաղորդակցության ծառայությունները:

Ի վերջո, բոլոր օպերատորները կարծում են, թե իրենք են ամենաճիշտ ընտրությունը բաժանորդի համար: Դա բնական է, սակայն MNP-ն վերջին խոսքը կտա բաժանորդին, ով, ի վերջո,  պիտի լինի մեր արժանիքների իրական դատավորը», - Մեդիամաքս-ին ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Նշենք, որ ս.թ. նոյեմբերին 5-ին հանդես գալով մամուլի ասուլիսում Ֆրանսիս Ժելիբտերն ասել էր, որ 2013-ի կեսերին Հայաստանում կձեւավորվի բջջային հեռախոսահամարների փոխանցման ծառայության (Mobile Number Portability, MNP) նորմատիվ դաշտը եւ կստեղծվեն ծառայության գործարկման համար անհրաժեշտ պայմանները:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով այդ հայտարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանն ասել էր, որ ՀԾԿՀ-ը ծրագրում է մինչ տարեվերջ հայտարարել համակարգին անցնելու հիմնական ուղղություններն ու սկզբունքները, հնարավոր է խոսվի նաեւ ժամկետների մասին:

Նոյեմբերի 7-ին հանդես գալով մամուլի ասուլիսում, ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել էր, որ «MNP-ի ներդրման միջազգային փորձը հակասական է»:

Նոյեմբերի 20-ին Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանություն էր արել նաեւ Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը կարծիք էր հայտնել, թե Հայաստանում MNP-ի ներդրման համար պարտադիր պայման պետք է լինի երկրի տարածքում հավասարազոր ծածկույթի ապահովումը բոլոր երեք օպերատորների կողմից: