07:48 | 21.11.12 | Նորություններ | 3604

Առաջին միկրոպրոցեսորի նախագծողը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի գործարար համայնքի հետ

Երեւան/Մեդիամաքս/. Աշխարհում առաջին միկրոպրոցեսորի նախագծողը Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ եւ հանդես է եկել ինֆորմատիկայի ապագայի մասին դասախոսությամբ, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում, որի գլխամասային գրասենյակում կայացել է հանդիպումը:

Դոկտոր Ֆաջինը  Հայաստան է ժամանել  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակը) ստանալու համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Համաշխարհային ՏՏ մրցանակ» նախաձեռնությանը` այս ոլորտում այն հրաշալի գործիք համարելով բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորելու համար: Հայաստանը հսկայական չիրացված ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի ճիշտ ուղղորդումը, կարող է նպաստել մեր երկրի տնտեսական աճի արձանագրմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաշխարհային ՏՏ մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանն ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում զարգացող կենտրոն լինելու իր հավակնությունը:

Դոկտոր Ֆաջինը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Նախկին դափնեկիրներն են Intel կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարետը եւ Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացնում են ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեն եւ միջազգային ընտրող հանձնաժողովը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:

Մրցանակը ֆինանսավորում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: