08:11 | 01.11.12 | Նորություններ | 8185

Orange-ի նոր քարտերով կարելի է բոնուսներ կուտակել Երեւան City սուպերմարկետներում

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի եւ Երեւան City սուպերմարկետների ցանցի միջեւ մեկնարկել է համագործակցություն, որի շրջանակներում Երեւան City բոլոր սուպերմարկետներում առկա Orange տաղավարում բաժանորդագրվելով Orange Խոսենք կանխավճարային ծառայությանը եւ ձեռք բերելով հատուկ 500 դրամ արժողությամբ SIM քարտ` բաժանորդները հետագա բոլոր լիցքավորումների գումարի 4%-ի չափով կստանան բոնուսային միավորներ իրենց Երեւան City բոնուս-քարտին:

Հատուկ քարտերը կարելի է ձեռք բերել միայն բոնուս քարտի առկայության դեպքում, հայտնել են ընկերությունում:

«Սա միանգամայն նոր առաջարկ է Հայաստանում, երբ հեռահաղորդակցության ծառայությունները կարելի է համակցել առօրյա այլ գնումների հետ եւ դրանից ստանալ միավորներ: Ուրախ ենք մեր բաժանորդներին առաջարկել այս հետաքրքիր անակնկալը, քանի որ այսուհետ լիցքավորելով քարտը եւ օգտվելով Orange-ի ծառայություններից` նրանք ավտոմատ կերպով կստանան նաեւ բոնուսային միավորներ այլ գնումներ կատարելու համար»,- նշել է Օրանժ Արմենիա-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Լիցքավորումների գումարից առաջացած 4% բոնուսային միավորները բոնուս քարտի վրա կհաշվարկվեն յուրաքանչյուր շաբաթվա սկզբին` նախորդ շաբաթվա համար: