02:30 | 26.10.12 | Նորություններ | 1218

«Այբ» դպրոցի սաները հաղթեցին ռոբոտների մրցույթում

Երեւան: Մեդիամաքս: «Այբ» ավագ դպրոցի թիմերը առաջին եւ երկրորդ տեղերն են զբաղեցրել հոկտեմբերի 25-ին Երեւանում կայացած «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթում:

Մրցույթին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:
 
Առաջին եւ երկրորդ տեղը գրաված թիմերը ստացան համապատասխանաբար 250.000 եւ 100.000 դրամ: Երրորդ տեղը զբաղեցրեց  Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի թիմը, որի մրցանակն է 50.000 դրամ եւ Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:

Խրախուսական մրցանակի արժանացավ Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ եւ Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:

 «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արմռոբոտիքսին` տեխնոլոգիայի այս ոլորտը զարգացնելու նպատակով: Դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների զարգացման վրա, ինչպես նաեւ նպաստել միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանը:  ՎիվաՍել-ՄՏՍ-ն այնտեղ է, որտեղ առկա է զարգացման ներուժ, եւ որտեղ մենք կարող ենք քաջալերել մեր ժողովրդի ստեղծագործ միտքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի (առաջնության գլխավոր  հովանավոր) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  
 
«Աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու եւ ճարտարագիտական մտածելակերպը զարգացնելու նպատակով 2009 թվականից միությունը ձեռնամուխ եղավ դպրոցներում ռոբոտատեխնիկայի խմբակներ ստեղծելուն: Խմբակների արդյունավետ գործունեության արդյունքն ակնհայտ է, քանի որ այժմ յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ` գրանցելով լուրջ հաջողություններ»,- նշել է ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ներկայումս ԱրմՌոբոտիքս խմբակներ գործում են Երեւանի 5 կրթահամալիրներում` Քվանտ եւ Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, «Այբ» եւ Թիվ 131 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ 5 մարզային դպրոցում` Սյունիքում, Լոռիում եւ Թալինում: