06:56 | 04.10.12 | Նորություններ | 1119
Երեւան/Մեդիամաքս/. Այս ԴիջիԹեքը ցույց կտա, որ պետությունն իր վրա պետք է վերցնի ՏՏ ոլորտի համակարգումը, այսoր ասել է վաղը մեկնարկող ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Խոսելով Միության կողմից առաջարկած ոլորտը համակարգող նախարարության ստեղծման նախաձեռնության մասին` Կարեն Վարդանյանն ասել է, որ, ըստ նրա, ՏՏ ոլորտում բարձունքների հասած բոլոր երկրներում տնտեսության այս հատվածի համակարգման պատասխանատվությունը ուղղակիորեն պատկանում է պետությանը:
«Համոզված եմ, հաջորդ տարի մենք կունենանք եթե ոչ նախարարություն, ապա կառավարությանը կամ նախագահին կից մի մարմին, որն ուղղակիորեն կհամակարգի ՏՏ ոլորտի զարգացումը՝ սկսած ռազմաարդյունաբերության ոլորտում պետպատվերից մինչեւ ընդհանուր տնտեսական մոդեռնիզացում», - ասել է Կարեն Վարդանյանը: