07:35 | 03.10.12 | Նորություններ | 3601

Orange Հիմնադրամը եւ Հայկական ակնաբուժության նախագիծը անվճար ակնային զննումներ եւ բուժումներ են կատարել Արմավիրի մարզում

Երեւան/Մեդիամաքս/. Արմավիրի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Այսօր Արմավիրի Նալբանդյան գյուղ այցելեց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը, ով ներկա եղավ մարզի բնակիչների ակնային  զննումներին եւ երեխաների համար տեղի դպրոցում կազմակերպված ակնային խնամքի հանրակրթական դասընթացին:

«Մարզերի բնակիչների համար երբեմն որակյալ ակնաբուժական ծառայությունները դժվարամատչելի, իսկ երբեմն` նաեւ անհասանելի են լինում: Այս նախագծի շնորհիվ բազմաթիվ մարդիկ վերգտում են աչքի լույսը, հազարավորները` կանխարգելում նոր սկսվող կամ խորացող հիվանդությունը: Ներկայացնելով հեռահաղորդակցության ընկերություն` մենք ուրախ ենք մեր հոգատարությունը ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն, քանի որ աչքը մարդկային հաղորդակցության ամենակարեւոր միջոցներից է»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ծրագրի շրջանակներում Արմավիրի շուրջ 4000 մեծահասակներ եւ 1200 երեխաներ կանցնեն ակնային հետազոտություն: Նախատեսվում է տրամադրել շուրջ 1600 ակնոց: Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ) կիրականացվեն շուրջ 300 վիրահատություններ եւ լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, Արմավիրի մարզի ինը դպրոցներում կկազմակերպվեն նաեւ ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

ՀԱՆ-ի բժշկական խմբերը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 20-ը աշխատելու  են Արմավիրի շրջանում, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 17-ը` Վաղարշապատի (Էջմիածնի) շրջանում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Արմավիրում եւ Վաղարշապատում (Էջմիածնում): Մանրամասների համար բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն եւ հետեւեն այնտեղ փակցված հայտարարություններին: Մանրամասն Ժամանակացույցը կարելի է ներբեռնել հետեւյալ հղումով. http://www.eyecareproject-armenia.com/files/Armavir-Schedule-Arm.pdf

Արմավիրի մարզի աշխատանքներում Orange Հիմնադրամի ֆինանսական մասնակցությունը կազմել է 7,299,730 դրամ: