05:59 | 04.10.12 | Նորություններ | 1112

    ԴիջիԹեք 2012. Startup-ներից մինչեւ Windows 8

    Երեւան/Մեդիամաքս/. Վաղը Երեւանում մեկնարկում է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը տարածաշրջանում խոշորագույն ՏՏ-միջոցառումն է:

    Ինչպես այսօր տեղեկացրել է ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ցուցահանդեսին կմասնակցի շուրջ 130 տեղական եւ միջազգային ընկերություն:

    «Ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցներից են ընկերություններ Հվ. Կորեայից, Սինգապուրից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից եւ ԱՄՆ-ից: Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ImagingLab ընկերությունը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի եւ պատկերների մշակման մեջ: Կորեայի տեխնոլոգիական ձեռքբերումները ցուցահանդեսին կներկայացնի այդ երկրի Ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը եւ Առեւտրաարդյունաբերական պալատը: Սինգապուրից միջոցառմանը կմասնակցի BANSEA վենչուրային հիմնադրամը»,- ասել է Կարեն Վարդանյանը, հավելելով, որ ցուցահանդեսին ակնկալվում է ավելի քան 20 000 այցելու:

    Միջոցառման գործընկեր Մայքրոսոֆթ-Հայաստանի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ հիմա Մայքրոսոֆթի համար շատ կարեւոր ժամանակաշրջան է, երբ ընկերությունը ներկայանում է նորովի եւ նոր պրոդուկտներով, եւ «ԴիջիԹեքը յուրահատուկ հնարավորություն է ցուցադրելու Մայքրոսոֆթի նորագույն ծրագրային փաթեթները եւ լուծումները», որոնց թվում, մասնավորապես, կլինի Windows 8 օպերացիոն համակարգը:

    Միջոցառման շրջանակներում կանցկացվեն հետեւյալ միջոցառումները.

    1.    The World of Engineering. Ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն շուրջ 30 տեղական եւ միջազգային ընկերությունների կողմից;
    2.    ԴիջիԼայֆ Սեմինարներ՝ նվիրված տեխնոլոգիաների կիրառմանը առօրյա բիզնեսում;
    3.    DigiTec Startup հատված, որտեղ իրենց արտադրանքը կներկայացնեն ցուցահանդեսին հատուկ պայմաններով մասնակցող 12 նորաստեղծ ընկերություններ;
    4.     Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ, որտեղ ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունանեն հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշծատատեղերին;
    5.    ArmRobotics ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն;
    6.    Open Game Contest համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն:    

    Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 5-ից 7-ը Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: