17:07 | 07.09.12 | Նորություններ | 917

Հայաստանում կանցկացվի m2Work Հեքըթոն

Երեւան: Մեդիամաքս: Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ), «mLab ECA» ծրագրի շրջանակներում, infoDev կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 15-16-ին կանցկացնի առաջին m2Work Հեքըթոնը, որը միաժամանակ կանցկացվի 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՁԻՀ-ից, հեքըթոնը միաժամանակ կանցկացվի Հայաստանում՝ mLabECA (Արեւելյան Եվրոպա, Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա); Քենիայում, Հարավային Աֆրիկայում, Վիետնամում եւ Նեպալում:

Այս տարվա սկզբին Համաշխարհային Բանկի նորարարության եւ ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկեց m2Work մրցույթը, որի արդյունքում ամբողջ աշխարհում ձեւավորվեցին միկրոաշխատանքների մոտ 1000 գաղափարներ. աշխատանքներ, որոնք մարդիկ կարող են կատարել իրենց բջջային հեռախոսներով ցանկացած վայրից: m2Work Հեքըթոնը մրցույթի հաջորդ փուլն է՝ նախատեսված այդ գաղափարները կյանքի կոչելու համար:
 
m2Work Հեքըթոնի նպատակներն են. մշակել մոբայլ միկրոաշխատանքին վերաբերվող խոստումնալից գաղափարների մոբայլ ծրագրերի նախատիպերը եւ բարձրացնել զարգացող երկրներում մոբայլ միկրոաշխատանքը որպես աշխատանքի ստեղծման հնարավորություն դիտարկելու մասին իրազեկման մակարդակը:

Մասնակցել հնարավոր է ինչպես թիմերով (առավելագույնը 5 հոգի), այնպես էլ անհատապես (եթե անձամբ կարող եք ծրագրավորել ձեր գաղափարը): Ողջունելի է նաեւ փորձառու մասնագետների ներկայությունը, որոնք պատրաստակամություն կդրսեւորեն աջակցելու երիտասարդ ծրագրավորողներին եւ հետաքրքիր նախագծերին:
 
Նախնական գրանցման փուլն արդեն բացված է: Այցելելով  www.m2workhackathon.org՝ կարող եք գրանցվել՝ սեղմելով «I WANT TO PARTICIPATE» կոճակը:
Տեղերը սահմանափակ են, նախնական գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 12-ը:
 
Այս տարածաշրջանի (Արեւելյան Եվրոպա, Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա)  միջոցառումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում (Իտալիայի փող. 1շենք) հասցեով: Սկիզբը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, մրցույթը կտեւի մինչեւ սեպտեմբերի 16-ը ժամը 15:00-ն:
 
Մասնակիցները պետք է ներկայանան աշխատանքային պարագաներով, ինչպիսիք են դյուրակիր համակարգիչը (laptop), համակարգչի լիցքավորման սարքը եւ այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Բոլոր մասնակիցները կապահովվեն սնունդով, որակյալ ինտերնետ կապով եւ այլ ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար:
 
Մոբայլ միկրոաշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, Հեքըթոնին մասնակցությանն առնչվող կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ` info@mlab.am; info@m2workhackathon.org էլ. հասցեներով կամ զանգահարել  +374 10 219741 հեռախոսահամարով: