12:50 | 09.08.12 | Նորություններ | 806

Google-ը կներառի Gmail-ի պարունակությունը որոնման արդյունքներում

Երեւան/Մեդիամաքս/. Google-ը մոտ ապագայում նախատեսում է կապել իր որոնման համակարգն ու էլեկտրոնային փոստի ծառայությունն այնպես, որ օգտագործողների կողմից կատարվող որոնումների արդյունքներում երեւա նաեւ իրենց փոստարկղերի պարունակությունը:

Փոստարկղի տվյալները որոնման արդյունքում երեւալու են էջի աջ մասում, օրինակ, «իմ թռիչքը» արտահայտությամբ փնտրել սեղմելուց հետո էջի աջ մասում երեւալու է օգտագործողի փոստարկղում գտնվող էլեկտրոնային ավիատոմսը, գրում է AP-ն:

Ծառայությունն իր փորձաշրջանում հասանելի կդառնա 1 մլն օգտագործողների համար, որոնք կգրանցվեն այստեղ՝ https://www.google.com/experimental/gmailfieldtrial

Google-ի այս քայլը պայմանավորված է կորպորացիայի մտահոգությամբ, որ  սոցիալական ցանցերը զգալիորեն հեշտացրել են մարդկանց կողմից տեղեկատվության տարածումը, եւ որոնումն ինտերնետում դառնում է ավելի «անձնավորված»:

Ապագայում ընկերությունը նախատեսում է ծառայությունը հասանելի դարձնել էլեկտրոնային փոստի այլ օպերատորներից օգտվողների համար: