13:07 | 24.07.12 | Նորություններ | 5136

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանը ծրագրեր կիրականացնեն հանրային կրթության եւ մշակույթի ոլորտներում

Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ստորագրել են փոխգործակցության հուշագիր, որը նախանշում է 2012 թ.-ի ընթացքում համագործակցության շրջանակները:

Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն հանրային կրթության եւ մշակույթի ոլորտներում:
 
«Մայրաքաղաքի կենտրոնը գնահատվում է որպես ազգային արժեք` յուրաքանչյուր հայի կողմից: Մենք պետք է հնարավորինս փայփայենք ու հոգ տանենք դրա մասին: Մայրաքաղաքի կենտրոնն այն վայրն է, որից ստացած տպավորությունների հիման վրա հյուրերը կարծիք են կազմում ամբողջ երկրի մասին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածությունը մայրաքաղաքի, հատկապես Կենտրոն  վարչական շրջանի հանդեպ իսկապես գնահատելի է: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն մեր փոխգործակցության արդյունքները: Համատեղ իրագործած բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները կնպաստեն այցելուներին մայրաքաղաքի մասին ավելի լիարժեք եւ տպավորիչ տեղեկատվություն փոխանցելուն», - ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: