17:51 | 13.07.12 | Նորություններ | 3038
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Տարոն Մարգարյանը ողջունել է այն փաստը, որ քաղաքային տրանսպորտում քաղաքապետարանի եւ Օրանժ Արմենիա-ի համատեղ պիլոտային ծրագրով տեղադրվել են անվճար Wi-Fi համակարգեր:
Քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքային տրանսպորտում ներկայումս տեղադրված 91 համակարգերի թիվը մինչեւ տարեվերջ հասցնել 255-ի:
«Մենք բարձր ենք գնահատում Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր ու հանրային միջոցառումներ ենք իրականացրել: Հետաքրքրված ենք նաեւ Ձեր նախաձեռնությամբ` այգիներում, պուրակներում եւ հանրային այլ վայրերում Wi-Fi համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաեւ պատրաստ ենք մասնակցելու քաղաքային այլ ծրագրերում»,-նշել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: