17:55 | 05.06.12 | Նորություններ | 5697
Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբն առաջինը հայաստանյան բանկերից ստացել է VISA տեղական եւ միջազգային քարտերով է ինտերնետ-վճարումների ընդունման (internet payment acqiring) հավաստագիր:
Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել են բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը եւ Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում VISA-ի բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն:
Ծառայության գործարկման շնորհիվ հայաստանյան եւ արտասահմանյան VISA քարտապանները կարող են վճարել ապրանքների եւ ծառայությունների դիմաց՝ VISA քարտով վճարումներ ընդունող ցանկացած հայաստանյան ինտերնետ-խանութում:
Միջոցառմանը ներկա ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը շնորհավորել է բանկին հավաստագրի ձեռքբերման կապակցությամբ, նշելով, որ ինտերնետ-առեւտրի համաշխարհային ծավալները 2011-ին կազմել են $782 մլրդ եւ սպասվում է, որ 2020-ին այդ թիվը կտասնապատկվի, ինչն ընդգծում է նոր ծառայության կարեւորությունը Հայաստանի համար:
Արմեն Խանդկարյանն ասել է, որ Առէկսիմբանկի կորպորատիվ հաճախորդների, մասնավորապես, մանրածախ առեւտրի կետերի, տուրօպերատորների, ավիատոմսերի վաճառքով զբաղվող եւ այլ ընկերությունների շրջանում երկար ժամանակ զգացվում էր ինտերնետ-էքվայրինգի ներդրման պահանջարկ: Ըստ այդմ, բանկն ակնկալում է այս ծառայության ակտիվ օգտագործում եւ, որպես հետեւանք, Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զգալի աճ: Արմեն Խանդկարյանը չի նշել հավաստագրմանն ուղղված ներդրումների ծավալը, ասելով, որ նոր ծառայության բյուջեն «բավականին հասանելի» էր:
Իրինա Կամխաձեն տեղեկացրել է, որ ներկայումս VISA-ն բանակցում է եւս մեկ հայկական բանկի հետ՝ ինտերնետ-վճարումների ընդունման հավաստագրի տրամադրման շուրջ:
Ըստ նրա, 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում թողարկված VISA քարտերի քանակը 2011-ի առաջին եռամսյակի հետ համեմատ աճել է 35%-ով, համակարգրի շրջանառությունը Հայաստանում աճել է 38%-ով, իսկ առեւտրի եւ սպասարկման ցանցում VISA քարտերով գործարքների քանակն ավելացել է 79%-ով:
VISA քարտերով ինտերնետ-վճարումների ընդունման լիցենզիայի բացակայությունը հայաստանյան բանկերի մոտ ստիպում էր ինտերնետում ապրանքներ կամ ծառայություններ վաճառող հայկական ընկերություններին առեւտրային հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում, որոնց էլ փոխանցվում են ծառայությունների/ապրանքների դիմաց ստացվող վճարումները: Արդյունքում հավելյալ տրանզակցիոն ծախսերը կրճատում են հայկական ընկերությունների եկամուտները 3-5%-ով: Հարցը երկար ժամանակ մնում էր Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: