16:48 | 29.05.12 | Նորություններ | 2562

«ԱրմենՏել»-ը եւ «Ադրենալին» ասոցիացիան ամփոփել են Big Race 2012-ի երեւանյան ռալլի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Ադրենալին» էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիան ամփոփել են մայիսի 25-ին Երեւանում անցկացված Drag-Racing անվանակարգի Big Race 2012-ի արդյունքները:

Ռալիին մասնակցեցին վարորդներ Հայաստանից, Բելգիայից, Վրաստանից, Իրանից եւ Ուկրաինայից: Հարավային Կովկասում ավտոսպորտի պատմության մեջ առաջին անգամ միմյանց հետ մրցում էին ոչ միայն մարդատար, այլեւ բեռնատար մեքենաներ:

Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցեցին շուրջ 200 վարորդներ:

Big Race 2012 ավտոմրցավազքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ` «Class A» դասում հաղթեց Սերգեյ Արջվանիձեն ВАЗ 21-074  մեքենայով, «Class B» դասում լավագույնը ճանաչվեց Ասպուրակ Չոփիկյանը BMW 320 մեքենայով: Նույն մակնիշի մեքենայով հանդես եկող Գեւորգը Հայրապետյան հաղթող ճանաչվեց «Class C» դասում, իսկ «Class D»  եւ «Class Е»  դասերում` Գառնիկ Մկրտչյանը (Mercedes-Benz 190D) եւ Դավիթ Հակոբյանը (BMW X6M):   

Հատուկ մրցանակի արժանացավ միակ կին վարորդը` բելգիացի Պեպա Ալեքսանդրովան, ով ավտոմրցավազքին մասնակցում էր Mercedes Actros մակնիշի բեռնատար մեքենայով:

«Big Race 2012 ավտոմրցավազքը «ԱրմենՏել» ընկերության եւ «Ադրենալին»  էքստրեմալ սպորտաձեւերի  ասոցիացիայի հաջող համագործակցության եւս մեկ օրինակ է: Համոզված ենք, որ կարողացանք ավտոսպորտի սիրահար երեւանցիներին նվիրել եւս մեկ օր` լեցուն դրական զգացմունքներով եւ վառ տպավորություններով», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: