14:12 | 26.04.12 | Նորություններ | 4008

    Գյումրու տեխնոպարկում D-LINK-ը կստեղծի հետազոտական եւ թեստավորման կենտրոն

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն այսօր ասել է, որ Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի վերակառուցման աշխատանքները կավարտվեն 18 ամսից:

    Վահե Դանիելյանի խոսքով, վերակառուցվելու է շուրջ 6 300 քմ տարածք, որից  5500 քմ տարածքը ծառայելու է որպես ժամանակակից տեխնոլոգիական տարածք, իսկ մնացածը՝ սպասարկման մասնաշենքեր:

    «Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո կունենանք ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքով կենտրոն, որը կահավորված կլինի ինկուբացիոն տարածքով, միաժամանակ մոտ 20 ընկերությունների ինկուբացիա իրականացնելու հնարավորությամբ, լաբարատոր մասնաշենքերով եւ ուսումնական կենտրոնով», - ասել է նա:

    Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 677 մլն դրամ:

    Կառավարությունը հաստատել է նաեւ D-LINK ընկերության հետ համագործակցության հուշագիր ստորագրելու նախագիծը:  

    Վահե Դանիելյանը տեղեկացրել է, որ Գյումրու տեխնոպարկի շրջանակներում D-LINK ընկերությունը կստեղծի առանձին տեխնոլոգիական ցանցային եւ հեռահաղորդակցության հետազոտական եւ թեստավորման կենտրոն:

    Նախատեսվում է, որ կենտրոնը կգործի 2013թ. հունիսին: Այս ծրագրի արժեքն է 8,5 մլն դոլար, որից 1 մլն կտրամադրվի հետազոտական եւ թեստավորման լաբորատորիայի ստեղծմանը: