16:36 | 03.04.12 | Նորություններ | 3651

ԼՂՀ 3500 աշակերտներ եւ ուսուցիչներ առաջիկա օրերին կստանան անհատական դյուրակիր համակարգիչներ

Երեւան: Մեդիամաքս: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3500 համակարգիչներն այսօրվանից սկսել են հանձնվել Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին Տակի 1-ինից 4-րդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամից, համակարգիչների հանձնման արարողությանը ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, ընդգծելով ծրագրի կարեւորությունը, ասել է, որ համակարգիչն երեխաների ապագան է, որի միջոցով նրանք կհասնեն բարձունքների:

ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալն էլ աշակերտներին ուղղված իր խոսքում ասել է. “Մեր նպատակն է, որ գալիք սերունդներն արժանի կրթություն ստանան: Ուրախ ենք, որ տրամադրում ենք ձեզ այս հրաշալի գործիքը, որը ձեզ համար մեծ դռներ կբացի”:



Դոսյե

ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին եւ նրանց ուսուցիչներին: ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ կապը, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:
 
“Միջազգային համայնքը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի եւ տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այնտեղ ծնվող եւ ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն եւ ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ ՆՈՒՌ-ի միջոցով լրացնել բացը եւ Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը”,- ասել է Էդուարդո էռնեկյանը:

ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է “Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային” (ՄՀՅԵ) ծրագրի համաձայն: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է, որը մշակվել է  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում եւ կիրառվում է աշխարհի շատ երկրներում:

ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապն ապահովելուց հետո հիմնադրամը կշարունակի XO համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներում եւս, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն: