12:55 | 03.04.12 | Նորություններ | 4397

ՎՏԲ-Հայաստան-ը, ԱրմենՏել-ը եւ Visa-ն սկսում են Visa Alliance կոբրենդային քարտի թողարկումը

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱրմենՏել-ը եւ Visa միջազգային վճարային համակարգը սկսում են համատեղ Visa Alliance կոբրենդային քարտի թողարկումը:

Ինչպես տեղեկացրել է ՎՏԲ-Հայաստան-ի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, այսուհետ ՎՏԲ-Հայաստանի եւ Beeline-ի հաճախորդները, ձեւակերպելով դեբետային Visa Classic Alliance եւ վարկային Visa Gold Alliance քարտեր, կդառնան Beeline Bonus ծրագրի մասնակից:

Տվյալ քարտերով Հայաստանում, արտերկրում եւ ինտերնետում վճարում կատարողները դրանց դիմաց կկուտակեն բոնուսներ՝ 1-ական բոնուսային միավոր յուրաքանչյուր 70 դրամի դիմաց:

Յուրաքանչյուր ամսվա վերջում քարտատերերը կարող են փոխանակել կուտակված միավորները Beeline բջջային կապի ծառայությունների հետ՝ անվճար րոպեների եւ SMS-հաղորդագրությունների փաթեթներով, ինչպես նաեւ «գեղեցիկ» համարներով: Չօգտագործված միավորները չեն կորում եւ դրանք կարելի է փոխանակել բջջային ծառայությունների հետ ավելի ուշ:

«ՎՏԲ-Հայաստան բանկի եւ Visa-ի հետ համատեղ այս ծրագրի նպատակը մեր ընկերության տեսանկյունից բջջային կապի մեր բաժանորդների գոհունակության բարձրացումն է: Մենք հավատում ենք, որ մեր հաճախորդներն ըստ արժանվույն կգնահատեն մեր համատեղ նախաձեռնության բոլոր առավելությունները», - նշել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: