17:16 | 30.03.12 | Նորություններ | 942

Հայաստանում կանցկացվի ICT սթարթափների մրցույթ

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում կանցկացվի նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ:

Այն նախաձեռնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ:

Մրցույթը կանցկացվի հետեւյալ ուղղություններով՝ պետական ծառայություններ, էլեկտրոնային առեւտուր, ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում եւ գործարարության նոր եւ նորարար ուղղություններ:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով: 1-ին փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, որոնցից կընտրվեն նորարարները եւ մրցունակները: Այնուհետեւ մասնակիցների ցանկությամբ եւ փորձագետների գնահատման արդյունքներով կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք էլ մրցութային 2-րդ եւ 3-րդ փուլերի ընթացքում մենթորների եւ մասնագետների աջակցությամբ կմշակեն իրենց գաղափարները` կառուցելով նորարական գաղափարի բիզնես-մոդելը եւ ձգտելով այն հասցնել փորձնական նախատիպի կամ աշխատանքային մոդելի տեսքի: 

Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու Դիջիթեք Բիզնես Ֆորում եւ Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողովի IT-Start-ups մրցույթում: Բացի այդ նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլաններ եւ փաստաթղթեր ֆոնդահայթայթման համար: Հնարավոր է նաեւ, որ հաղթող թիմերին կտրամադրվեն համապատասխան աջակցություն նորաստեղծ ընկերությունների գրանցման համար:

Փուլերի ընթացքում թիմերին խորհրդատվական եւ մենթորական աջակցություն կցուցաբերվի:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ 2012թ. ապրիլի 12-ը, ժամը 18:00՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, ԲՈՒՀ, էլ.փոստ եւ հեռախոսի համար) info@digitec.am հասցեին, վերնագրում նշելով “start-up” բառը:

Մանրամասները ներկայացված են www.uite.org կայքում: