14:16 | 30.03.12 | Նորություններ | 4903

    Orange Armenia-ն եւ Megafon-ը պատրաստվում են «հեղափոխություն» անել ռումինգում

    Երեւան: Մեդիամաքս: Orange Armenia-ն եւ Megafon-ը պատրաստվում են «հեղափոխություն» անել ռումինգի ոլորտում:

    Այսօր Երեւանում Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ Megafon-ի կորպորատիվ կոմունիկացիաների բաժնի ղեկավար Կարեն Ասոյանը հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

    Այս համագործակցության շնորհիվ Orange Armenia-ի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կօգտվեն ռումինգի հատուկ սակագներից: Մասնավորապես, միանալով Megafon-ի ցանցին, Orange Armenia բաժանորդները կզանգեն Orange-ի եւ Megafon-ի բաժանորդներին եւ զանգեր կստանան նրանցից 30 դրամ/րոպե սակագնով:

    Բրունո Դյութուան ասել է, որ սա «իրական հեղափոխություն է», քանի որ առաջին անգամ աշխարհում ռոումինգի համար սահմանված են նույն գները, ինչ երկրի ներսում:

    Կարեն Ասոյանը, իր հերթին, կարեւորել է այն հանգամանքը, որ այս ծառայությունը կրում է «զանգվածային» բնույթ: 

    Կողմերը նշել են, որ սա համագործակցության առաջին փուլն է, որը տեւելու է ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը: Այնուհետեւ կորոշվեն համագործակցության հետագա ուղիները: