14:55 | 28.03.12 | Նորություններ | 3378
Երեւան/Մեդիամաքս/. Արարատի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) ծրագիրը, որի նպատակն է Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել անվճար բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Այսօր Orange Հիմնադրամի խորհդրի նախագահ Բրունո Դյութուան այցելեց Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ, որտեղ ընթանում են աչքի զննումներ բոլոր ցանկացողների եւ հատուկ դասընթացներ դպրոցականների համար:
Orange Հիմնադրամն աջակցում է ՀԱՆ-ի 2012 թ ողջ տարվա աշխատանքերին` տրամադրելով 25,5 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ այս տարի Հայաստանի չորս մարզերում նախատեսվում է հետազոտել 13,400 բնակիչների (11,000 մեծահասակների եւ 2,400 երեխաների), տրամադրել 4,450 ակնոցներ, իրականացնել 820 վիրահատություններ եւ լազերային բուժումներ:
Orange Հիմնադրամի եւ Հայկական Ակնաբուժության նախագծի համագործակցությունը սկսվել է 2011թ., որի շնորհիվ 9056 բնակիչ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում անցյալ տարի ստացել է անվճար բժշկական ծառայություններ, որոնցից 640-ը ստացել է նաեւ անվճար վիրահատություն եւ լազերային բուժում, իսկ 3,524-ը ստացել են անվճար ակնոցներ:
«Անցյալ տարվա ընթացքում մեր գործընկերներն իսկապես տպավորիչ աշխատանք կատարեցին Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Երջանիկ ենք այս տարի կրկին աջակցել նրանց, այս անգամ արդեն չորս այլ մարզերում, որտեղի բնակիչները նույնպես կկարողանան օգտվել անվճար ակնային զննումների եւ բուժումների հնարավորությունից», - ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան: