16:56 | 27.03.12 | Նորություններ | 4173
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան ամփոփել են մարտի 25-ին Իջեւանում անցկացրած Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոնի արդյունքները:
Փառատոնի շրջանակում անցկացրած միջոցառումներին մասնակցել է էքստրեմալ տարբեր մարզաձեւերի շուրջ 200 մարզիկ: Մրցումներին եւ ցուցադրական ելույթներին մասնակցել է ավելի քան 100 ավտոմեքենա եւ մոտոցիկլետ:
Ավտոմեքենաների Off-Road 4Х4 մրցումների Extreme դասում հաղթող է դարձել վրացի մարզիկ Դավիթ Մամուկաշվիլին, ով հանդես է եկել Jeep Wrangler մեքենայով, Standart եւ Monster դասերում առաջին տեղեր են զբաղեցրել հայ մարզիկներ Էդիկ Հարությունյանն ու Դավիթ Մարտիրոսյանը, համապատասխանաբար Jeep Wrangler եւ Toyota Land Cruiser 80 մեքենաներով:
Drag-Racing մրցումների ամենաբարձր` «Class D» դասում առաջին տեղը գրավեց Վարդան Մկրտչյանը (Mitsubishi Lancer Evolution), երկրորդ տեղ` Ավետիք Միքաելյանը (Range Rover), երրորդ տեղ` Հրայր Ավետիսյանը (Subaru Impreza STI):
«Beeline Extreme 2012 փառատոնն իսկական տոն էր ոչ միայն մասնակիցների եւ կազմակերպիչների, այլեւ հանդիսատեսի համար: Հաճելի էր տեսնել ուրախ եւ ոգեւորված մարդկանց, ովքեր ընտանիքներով դուրս էին եկել կենտրոնական փողոցներ` տեսնելու մրցումներն ու ցուցադրական ելույթները, գեղեցիկ սպորտային եւ հզոր արտաճանապարհային մեքենաներ: Ուրախ եմ, որ «ԱրմենՏել» ընկերությունն իր վառ ներդրումն է ունեցել տարածաշրջանի կյանքում եւ վստահ եմ, որ Իջեւանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը երկար կհիշեն այստեղ տիրող տոնական մթնոլորտը», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: