17:52 | 13.03.12 | Նորություններ | 1964

ԱրմենՏել-ի հասույթը 2011-ին աճել է 3,26%-ով

Երեւան/Մեդիամաքս/. 2011-ի IV եռամսյակում ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) գործառնական հասույթը 2010-ի նույն  ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2%-ով եւ կազմել $46 մլն: Օպերատորի հասույթը 2011-ին աճել է 3.26%-ով եւ կազմել $190 մլն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով “Վիմպելկոմ ՍՊԸ” գործառնական եւ ֆինանսական արդյունքները` չորրորդ եռամսյակում ընկերության հասույթն աճել է բջջային կապի 9%-անոց աճի շնորհիվ ($20 մլն): Ֆիքսված հեռախոսակապի հասույթը նվազել է 2010թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ 7%-ով եւ կազմել $26 մլն (այդ թվում հասույթը լայնաշերտ ինտերնետ-կապից ավելացել է 75%-ով եւ կազմել $5.6 մլն):

Հիմնական միջոցների մաշվածության, ոչ նյութական ակտիվների եւ կորուստների ամորտիզացիայի նվազեցումից առաջ Արմենտելի գործառնական շահույթը (EBITDA) կազմել է 4-րդ եռամսյակում $19 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14%-ով:

ԱրմենՏել-ի բջջային հատվածում բաժանորդային պայմանագրերի քանակը 2010-ի IV եռամսյակի համեմատ ավելացել է 14%-ով ` 2011-ի վերջի դրությամբ կազմելով 765 հազ., իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը հաշվետու ժամանակահատվածում գրեթե կրկնապատկվել է` կազմելով 134 հազ.:

Հայաստանում բջջային կապի բաժանորդներից ստացվող Beeline-ի միջին ամսական եկամուտը 2011-ի IV եռամսյակում կազմել է $7.6 մլն` 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 24%-ով:

MOU ցուցանիշը (ամսական մեկ բաժանորդի կողմից օգտագործվող րոպեներ) IV եռամսյակում նվազել է 5%-ով եւ կազմել է 261 րոպե: