17:58 | 24.02.12 | Նորություններ | 1135

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը կմասնակցի GSMA 2012-ին

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-29-ը կմասնակցի Բարսելոնայում կայանալիք “Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012” միջոցառմանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի ծառայության, համագումարի ընթացքում ոլորտի պատասխանատուները կքննարկեն հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները բջջային կապի հետագա զարգացման գործընթացում` ներառյալ բջջային ինտերնետի համար նոր գործարար մոդելների հայտնվելը: GSMA-ի, նախարարների եւ կարգավորողների միջեւ կլինեն  հանդիպումներ` որոշակի ազգային շուկաներում հնարավորությունների եւ մարտահրավերների քննարկման նպատակով: Հատուկ ուշադրություն կդարձվի բջջային լայնաշերտ կապի քաղաքականության հատվածի վրա:

Ամենամյա ֆորումում կառավարության ներկայացուցիչները կանդրադառնան ամբողջ աշխարհում շարժական հաղորդակցության զարգացմանն առնչվող որոշակի կարգավորման հիմնախնդիրներին: GSMA նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում կառավարությունների եւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները իրենց գործընկերների հետ կքննարկեն արդյունաբերության գերակայությունները: