ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
13:43 | 15.02.12 | Նորություններ | 3879
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ռոբոտներ են նվիրել 5 կրթական հաստատություններին:
Կոնստրուկտոր-ռոբոտներ են ստացել Քվանտ եւ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Այբ եւ թիվ 131 դպրոցները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսել ռոբոտաշինության զարգացումը երկրում: “Մենք մտահոգված ենք ապագայի համար, հանուն կայուն եւ զարգացած ապագայի օժանդակում ենք հեռանկար ունեցող ծրագրեր: Հեռանկարային ծրագիր է փոքր տարիքից ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը”,-ասել է նա:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ասել է, որ դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձեւավորման շնորհիվ մեծ հաջողություններ են գրանցվում “Արմռոբոտիքս” բաց առաջնության շրջանակներում:
“Դպրոցականները սկսել են ավելի ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ: Մեր ջանքերն ուղղված են նրան, որ մոտակա տարիներին ավելի շատ դպրոցներ ունենան ռոբոտաշինության խմբակներ: Դրանք հետաքրքիր գործիքներ են երեխաների ընդունակությունները բացահայտելու համար”,-ասել է Կարեն Վարդանյանը:
ԻՏՁՄ ներկայացուցիչ Հրաչյա Խաչատրյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է,որ ռոբոտները ամերիկյան արտադրության են, սակայն ծրագրվում է սեփական արտադրության նման կոմպլեկտներ պատրաստել, որոնք ավելի մատչելի կլինեն դպրոցների համար:
“Կոնստրուկտոր-ռոբոտները նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար եւ էլեկտրոնիկայի, մեխանիկայի եւ ծրագրավորման միջոցով նպաստում են ինժեներական մտքի զարգացմանը: Պարունակում են տարբեր տեսակի մասնիկներ, շարժիչներ, ատամնանիվներ եւ ծրագրավորման մոդուլ, ինչի յուրացնելու դեպքում դպրոցականները կարող են իրենց ծրագիրը գրել”,-ասել է նա: