09:39 | 07.02.12 | Նորություններ | 2273

2011-ին աշխարհում վաճառվել է ավելի շատ սմարթֆոն, քան համակարգիչ

Երեւան/Մեդիամաքս/. 2011-ին հեռախոսներ արտադրողները վաճառքի են հանել շուրջ 488 մլն սմարթֆոն` 62,7%-ով ավելի, քան 2010-ին:

Այսօր այս տվյալներն է ներկայացնում Վեդոմոստի-ն` վկայակոչելով Canalys ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունները: Դա 72 մլն-ով ավելի է, քան անհատական համակարգիչների թիվը, որոնց առաքումը, ըստ Canalys-ի տվյալների, աճել է 15%-ով:

Canalys-ն անհատական համակարգիչների շարքին է դասում նաեւ պլանշետները, որոնք մյուս ընկերությունները համարում են սմարթֆոնի տարատեսակներից մեկը: Canalys-ի տվյալներով, պլանշետների առաքումը տարվա ընթացքում աճել է 274%-ով եւ կազմել շուրջ 63,2 մլն սարք: Նոութբուքերի եւ սեղանի համակարգիչների առաքումը աճել է 7,5%-ով եւ 2,3%-ով, իսկ նեթբուքների առաքումը քառորդով կրճատվել է` կազմելով շուրջ 6,7 մլն: Canalys-ի առաջատար վերլուծաբան Քրիս Ջոունսը դա կապում է պլանշետների վաճառքի աճի հետ: