09:34 | 20.01.12 | Նորություններ | 1953

Symantec-ը միացել է ադրբեջանական կայքերի դեմ իրականացված գրոհի հետաքննությանը

Երեւան/Մեդիամաքս/. Symantec ընկերությունը միացել է Ադրբեջանի տարբեր հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների կայքերի դեմ իրականացված հաքերական գրոհների հետաքննությանը:

Ինչպես «Տրենդ»-ին հայտնել է Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Symantec-ի վաճառքի գծով տնօրեն Ալեքսանդր Յակունինը, ընկերությունն առաջարկել է համապատասխան քայլեր ձեռնարկել, որոնք, ինչպես անվտանգության ցանկացած միջոց, չեն հրապարակվի:

«Դժվար թե տուժած կողմը հարձակվող կողմի հետ կիսվի այն տեղեկությամբ, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկել նման միջադեպերից պաշտպանվելու համար: Այնուհանդերձ, ասեմ, որ աշխատանքն ընթացքի մեջ է, եւ նախաձեռնվում են համապատասխան միջոցներ», - ասել է Յակունինը:

Ինչ վերաբերում է լուրերին այն մասին, որ այս գրոհն իրականացվել է որոշակի պետության կողմից, ապա, նրա կարծիքով, դրանք միայն ասեկոսեներ են եւ հաստատման կարիք ունեն:

«Դա ահռելի աշխատանք է, որը մենք պետք է իրականացնենք: Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տեղեկությունը ռազմավարական նշանակություն ունի, ինչպես եւ մնացած այլ դեպքերում, այն կլինի գաղտնի»,- ասել է Յակունինը: