ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
14:50 | 27.12.11 | Նորություններ | 1031
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ 2012թ. գարնանը սկսվելու է Գյումրու տեխնոպարկի շինարարությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է նաեւ, որ հաջորդ տարի Հայաստանում սկսելու են գործարկվել ազատ տնտեսական գոտիները, որոնցից առաջինը ռուսաստանյան Սիտրոնիքս կորպորացիայի կողմից նախաձեռնվող գոտին է երեւանյան Մարս գործարանի տարածքում:
Պատասխանելով Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծման վերաբերյալ Մեդիամաքս-ի հարցին, Տիգրան Դավթյանն ասել է, որ կառավարությունը քննարկում է Համաշխարհային բանկի հետ վենչուրային կապիտալ ներգրավելու հնարավորությունները: «Կարծում եմ 2012-ին լավ նորություններ կունենանք այս առումով», - ամփոփել է նախարարը:
Ս.թ. հուլիսին Տիգրան Դավթյանն ասել էր, որ Հայաստանում վենչուրային հիմնադրամներ չլինելու համար կան օբյեկտիվ պատճառներ: Նա նշել էր, որ վենչուրային հիմնադրամների ստեղծման գործում պետությունը կարող է մասնակցություն ունենալ այն դեպքում, երբ ակնհայտ կլինի մասնավոր հատվածի ֆինանսական հետարքրքությունը:
«Վենչուրային հիմնադրամի ստեղծումը ռիսկային նախագիծ է: Կան վարկային ռեսուրսներ, որոնք հնարավոր կլինի ուղղել վենչուրային ֆոնդերի ձեւավորմանը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն ռիսկը կնվազի միայն մասնավոր հատվածի աջակցության դեպքում»,-ասել էր էկոնոմիկայի նախարարը: