11:24 | 27.12.11 | Նորություններ | 3473

Հայաստանում կիբերհանցագործությունների հիմնական թիրախը սոցկայքերն են

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին:

- Վերջերս Երեւանում կայացած կիբերանվտանգությանը եւ կիբերհանցագործություններին նվիրված կոնֆերանսի ժամանակ ասվեց, որ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում կիբերհանցավորության փաստով Հայաստանում 15 քրեական գործ է հարուցվել: Որո՞նք են այդ հանցագործությունների հիմնական առանձնահատկությունները:

- Նախ ասեմ, որ քրեական գործերի թիվն աճել է եւ հասել 20-ի: Հիմնական հանցատեսակներն են` պոռնկագրական նյութերի տարածումը, տեղեկատվական բազաների ապօրինի օգտագործումը, համակարգչի օգնությամբ խարդախությունը եւ համակարգչային հանցագործությունների այլ տարատեսակներ, որոնց համար, ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի, նախատեսվում է պատիժ:

- Հայաստանում ո՞րն է կիբերհանցագործների հիմնական թիրախը:

- Առավելապես սոցիալական կայքերն են: Սոցիալական կայքերում հանցագործությունների հիմնական դրսեւորումը քաղաքացիների նկատմամբ անօրինական ոտնձգություններն են, որոնք վերաբերում են անձնական կյանքին ու ընտանեկան տվյալներին եւ արտահայտվում սպառնալիքի ձեւով` պոռնկագրական նյութերի տեղադրմամբ, ինչպես նաեւ մոնտաժ անելու եղանակով: Հարկ է նշել, որ նախորդ տարվա հուլիս ամսվանից ուժի մեջ է մտել ՀՀ նախագահի կողմից ստորագրված ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի` Հայաստանում այլեւս քրեորեն պատժելի չեն վիրավորանքը եւ զրպարտությունը, այսինքն` դրանք տեղափոխվել են քաղաքացիաիրավական հարթություն: Զրպարտության կամ վիրավորանքի համար մեզ դիմող քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս դիմել ընդհանուր իրավասության դատարան:

Վերջերս մենք հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում ենք վերականգնել 136 հոդվածը` վիրավորանքի մասին, սակայն այնպիսի խմբագրությամբ, որ ինտերնետում քաղաքացուն վիրավորելը լինի քրեորեն պատժելի արարք: Վիրավորանքի հետագա պատճառահետեւանքային կապը կարող է անկանխատեսելի լինել: Եղել է դեպք, երբ քաղաքացին odnoklassniki.ru սոցիալական կայքում շփումներ ունենալուց հետո փորձել է ինքնասպանություն գործել: Բոլորիս հիշողության մեջ է անցած տարվա Գյումրիի դեպքը, որը ողբերգական ավարտ ունեցավ:

- Ինչպե՞ս եւ ի՞նչ մեթոդներով է իրականացվում սոցիալական կայքերի վերահսկումը` հաշվի առնելով վերջիններիս տարածվածությունը:


- Ես ամբողջությամբ չեմ կարող ներկայացնել աշխատանքի օպերատիվ սկզբունքները: Հայաստանը ԵԽ “Հանցագործությունները համակարգչային տեղեկատվության ոլորտում” Բուդապեշտյան կոնվենցիային միացել է 2006թ.: Կոնվենցիային միացած բոլոր պետությունները պարտավորվում են օնլայն կապի մեջ գտնվել եւ տեղեկատվություն ստանալ: odnoklassniki.ru կայքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնության  ոստիկանության համապատասխան վարչություն, իսկ մնացած սոցիալական կայքերի վերաբերյալ տեղեկությունների համար՝ համապատասխանաբար, այն երկրի ծառայությանը, որտեղ գրանցված է տվյալ դոմենը կամ տեղադրված է տվյալ կայքը: Նրանցից ստանում ենք տեղեկատվություն, որը բավարար հիմք է հանդիսանում քաղաքացու նկատմամբ ոտնձգություն կատարած անհատին պատասխանատվության ենթարկելու համար:

- Ձեր նշած կոնվենցիայում կան մի քանի առանցքային կետեր` հանցագործություններ համակարգչային գաղտնիության դեմ, խարդախություն, մանկական պոռնոգրաֆիայի տարածում, հեղինակային եւ հարակից իրավունքների խախտում, ֆիշինգ: Այս հանցագործություններից որեւէ մեկը տարածում գտե՞լ է Հայաստանում:

- Մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ դեպք ունեցել ենք: Հետաքննության մարմինները որոշակի դժվարությունների առաջ, իհարկե, կանգնում են, կապված Հայաստանում  անլար ինտերնետի տարածմամբ`Wi-Fi կամ 3G եղանակով: Ինտերնետ պրովայդերների հետ աշխատանքը դրված չէ օրենսդրական լավ հիմքերի վրա: Օրինակ` պրովայդերը իրավունք ունի չպահպանել event log հասանելիության ֆայլերը: Հեռախոսային ինտերնետ-հասանելիությունը կարող է պահպանվել մինչեւ 3 ամիս: Ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այն վերահսկելու որեւէ լծակ չունի: Այդ պատճառով, ինտերնետ պրովայդերներից տեղեկատվություն ստանալը կատարվում է միմիայն դատարանի որոշմամբ: Մեր օրենսդրական առաջարկների համաձայն, ապագայում ոստիկանությունը հնարավորություն կունենա ստանալ ինտերնետային ծառայություն մատուցող կազմակերպություններից եւ հեռախոսային խոսակցությունների վերծանումները, եւ ինտերնետ հասանելիության log-ֆայլերը պարզեցված կարգով: Այսօր այս գործընթացն անցնում է բարդ ընթացակարգերով:

- Օրենսդրական դաշտում ուրիշ ի՞նչ խնդիրներ կան:

- Կուզանայի նշել եւս մեկ թերություն` վնասաբեր ծրագրերի տարածման վերաբերյալ: 256-րդ հոդվածը ինտերնետի միջոցով համակարգչին փոխանցվող վիրուսների մասին է, սակայն այն դեպքում, եթե դա տեղի է ունենում որեւէ կրիչի միջոցով: Մինչդեռ լավ գիտենք, որ այսօր վիրուսները հիմնականում տարածվում են էլեկտրոնային փոստի եւ կայքերի միջոցով: Վարակման դեպքում բոլոր հակավիրուսային ծրագրերը ինչ-որ մի փուլից հետո կանգ են առնում: Այսինքն` կարող ես DDoS հարձակման տարբերակով կամ սպամ ուղարկելով այնքան հարձակումներ գործել, մինչեւ հակավիրուսային ծրագիրը խափանվի: Այսօր ամենավտանգավոր վիրուսներից մեկը KIDO վիրուսն է, որը տարբեր մոդիֆիկացիաներ ունի եւ հանգիստ կարող է մուտք գործել ձեր համակարգիչ, ասենք, bmp, jpeg, pfd կամ նույնիսկ տեքստային ֆայլերի միջոցով: Վիրուսային անվտանգությունն ապահովելու համար մենք ունենք եւս մեկ օրենսդրական առաջարկ. 256-րդ հոդվածից պարզապես հանել «կրիչներին» վերաբերող հատվածը, ինչից հետո մենք հնարավորության կունենանք պատժի ենթարկելու նաեւ այն մարդկանց, ովքեր վիրուսներ են ուղարկում էլեկտրոնային հասցեներին: Այդպես կարող ենք ընդդիմանալ նաեւ ֆիշինգին, լամեռային տարբեր տեսակի հարձակումներին եւ հաքերներին: Իմիջիայլոց, հաքերներն ունեն գաղափարախոսություն. նրանք շահ չեն հետապնդում, իրենց համար դա ուղղակի ազարտ է՝ կոտրել կայքը եւ ապացուցել, որ իրենք կարող են դա անել: Շահ հետապնդող անձինք այլ կատեգորիայի մեջ են:

- Ինչպե՞ս եք գնահատում միջազգային համագործակցությունն այս ասպարեզում:

- Այս ոլորտում միջազգային համագործակցությունը շատ կարեւոր է: Առանց միջազգային փորձի աշխատանքի արդյունավետությունը նվազում է 50%-ով: Մենք փորձում ենք լայնորեն օգտագործել համագործակցության բոլոր հնարավորությունները, եւ մեր բաժինը շատ արդյունավետ համագործակցում է ոչ միայն ԱՊՀ երկրների, այլեւ բոլոր այն պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը քիչ թե շատ հնարավոր է: Այս առումով ունենք ակնառու արդյունքներ: Բացահայտումների մոտավորապես 30%-ը հիմնված է միջազգային համագործակցության փորձի եւ մեր արտասահմանյան գործընկերների հետ անձնական լավ կապերի վրա: Նաեւ շատ սերտ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների երեւանյան գրասենյակների հետ, մասնավորապես, ԵԱՀԿ գրասենյակի, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ:

- Ծնողներից շատերը բողոքում են, որ դիլեմայի առաջ են կանգնած` մի կողմից, չեն ցանկանում երեխային ընդհանրապես զրկել համակարգչից, մյուս կողմից` մտավախություն ունեն, որ երեխան կարող է ազատ մուտք ստանալ դեպի պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր: Այս վտանգը կանխելու ինչ-որ մեխանիզմներ կա՞ն:

- Որեւէ օրենսդրական կարգավորում չեմ կարող մատնանշել: Հիմնական լուծումը  ինտերնետ հասանելիությունը սեփական միջոցներով սահմանափակելն է: Բոլոր բրաուզերները պարունակում են child protect բաղադրիչը, որը հնարավորություն է տալիս կայքէջերի վրա ֆիլտրեր դնել: Սակայն միշտ չէ, որ դա կարող է օգնել: Մեր պետության օրենսդրությունը նախատեսում է պատիժ, երբ մանկական պոռնոգրաֆիկ պատկերներ են պահպանվում համակարգում, դրանց տարածման և
ստեղծման համար, ինչպես նաև անչափահասին ստեղծմանը մասնակից դարձնելու համար:

Պոռնկագրական նյութերի և առարկաների հարցը մի փոքր այլ է: Եթե նման նյութերի և առարկաների տարածում, գովազդում, իրացում, կամ այդ նպատակով չի պատրաստվել, ապա դա քրեորեն պատժելի չէ: Ուղղակի յուրաքանչուր ծնող պետք է աչալուրջ լինի` փորձելով զերծ պահել իր երեխաներին այդպիսի նյութերից:

- Պարոն Հարությունյան, բրիտանական կառավարությունը հաշվարկել է, որ կիբեռհանցավորությունից կրում է տարեկան $43 մլրդ-ի վնաս: Իսկ համաշխարհային մակարդակով այդ վնասի թիվը կազմում է $388 մլրդ: Մենք ունե՞նք գոնե մոտավոր պատկեր, թե ի՞նչ չափի վնաս է ստանում մեր տնտեսությունը կիբերհանցագործություններից:

- Նման վիճակագրություն չունենք: Մենք` որպես հետաքննության մարմին,նախապատրաստում ենք  նյութերը, հարուցում քրեական գործ, այնուհետև 10-օրյա ժամկետում՝ որը պայմանավորված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով, նյութերը փոխանցվում են ոստիկանության նախաքննության մարմնին, վերջինս դրանցով կատարում է քրեադատավարական համապատասխան գործողություններ իր լիազորությունների շրջանակներում, որից հետո դատարանում քրեական գործը ըստ էության քննվում է եւ հաշվարկում է այն վնասը, որը տվյալ կիբերհանցագործության արդյունքում պատճառվել է Հայաստանի Հանրապետությանը:

- Ձեր աշխատանքի ընթացքում գրանցե՞լ եք կիբերահաբեկչության դեպքեր:

- Մեր բաժինը սկսել է լիակատար գործել 2008 թվականից: Այդ ժամանակաշրջանից մինչ այսօր մենք կիբերահաբեկչության որեւէ դեպք չենք գրանցել: Եղել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի դեպք, որով հարուցվել է քրեական գործ, բացահայտվել է կատարող անձը եւ պատժվել գործող օրենսդրության համաձայն:

- Ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ հասարակ քաղաքացուն, որպեսզի նա չդառնա կիբերհանցագործության զոհ:

- Առաջին հերթին՝ զերծ մնալ տարբեր կարգի կասկածելի նամակներից, որոնք գալիս են ձեր էլեկտրոնային հասցեներին` այսպես կոչված “նիգերիական նամակներից”, որոնց միջոցով տարբեր մարդիկ խնդրում են ուղարկել գումար, որպեսզի կարողանան միլիոնների ժառանգություն ստանալ եւ կիսվել ձեզ հետ: Մեկ այլ դրսեւորումն է “green card”-երի խաղարկությունը: Պետք է զերծ մնալ նաեւ տարբեր կասկածելի կայքերի հղումներից: Շատ հաճախ այդպիսի հղումների տակ կարող են թաքցված լինել ոչ միայն վնասաբեր ծրագրեր, այլեւ սկրիպտի տեսակներ, որոնք կարող են գողանալ ձեր համակարգչի էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային վճարամիջոցի գաղտնաբառը: Նաեւ անհրաժեշտ է զգուշ մնալ տարբեր սոցիալական կայքերում նկարներ տեղադրելուց, կասկածելի մարդկանց հետ շփվելուց, ինչպես նաեւ սահմանափակել վիրտուալ շփումները ծանոթությունների կայքերում եւ զերծ մնալ տարբեր հայտարարություններից, որտեղ տարբեր բնույթի ծառայություներ են առաջարկվում: Եվ անհրաժեշտության դեպքում ժամանակին ահազանգել ոստիկանության համապատասխան ստորաբաժանում:

Վահագն Հարությունյանի հետ զրուցել է Մեդիամաքսի թղթակից Արամ Արարատյանը: