14:08 | 16.12.11 | Նորություններ | 812

Internet Explorer-ն ավտոմատ թարմացման հնարավորություն կստանա

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ի կարծիքով, ժամանակն է համոզվելու, որ Internet Explorer-ի բոլոր օգտվողներն օգտագործում են բրաուզերի վերջին տարբերակը: Այս նպատակով ընկերությունը կավելացնի ավտոմատ թարմացման գործառույթը, հաղորդում է 3dnews.ru-ն:

Մինչեւ վերջերս ծրագրի թարմացման համար օգտվողը ստիպված էր կիրառել Windows Update ծառայությունը: Այժմ այս գործընթացն իրականացվելու է ավտոմատ` տեղադրման ընթացքում բացվող առանձին պատուհանով: Օգտվողից կպահանջվի միայն համաձայնություն տալ թարմացված տարբերակին:

Microsoft Internet Explorer-ի ավագ տնօրեն Ռայան Գեւինը (Ryan Gavin) հայտնել է, որ բրաուզերի նոր տարբերակի ավտոմատ թարմացումը կավելացնի համակարգչի անվտանգությունը համացանցում աշխատելիս: Ներկայումս ծրագրավորողներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Internet Explorer-ի նոր տարբերակի կատարելագործման վրա, որպեսզի օգտվողները հնարավորություն ունենան վայելելու վեբ-կայքերի գեղեցկությունը, ինչպես նաեւ պարզեցնել եւ արագացնել ինտերնետ-սերֆինգի գործընթացը:

Հունվարից սկսած Բրազիլիայի եւ Ավստրալիայի օգտվողները կսկսեն ստանալ Internet Explorer-ի նոր տարբերակի ավտոմատ թարմացում: Առաջիկայում ծածկույթի գոտին աստիճանաբար կընդլայնվի: