17:58 | 15.12.11 | Նորություններ | 1009
Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 17-ից 19-ը Երեւանում առաջին անգամ կանցնի Hackathon նորարար գաղափարների եւ նախագծերի մրցույթը, որի ավանդույթը ծնունդ է առել Սիլիկոնյան հովտում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, երեւանյան Hackathon-ը նվիրված կլինի Երեւան քաղաքի կառավարման ոլորտում ՏՏ-լուծումների ներդրմանը եւ կազմակերպվել է Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ), Երեւանի քաղաքապետարանի եւ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ:
ՄԻԿ-ի ղեկավար Եվա Հյուսյանը տեղեկացրել է, որ մրցույթին ստացվել է մասնակցության 51 հայտ (հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն էր), որոնք ուղղված են քաղաք-քաղաքացի կապի ամրապնդմանը, Երեւանի տրանսպորտային, բնապահպանական, առողջապահական, կրթական զբոսաշրջության ոլորտնտերի եւ հաշմանդամների խնդիրների լուծմանը:
Երեւանի քաղաքապետարանի քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը տեղեկացրել է, որ բոլոր անվանակարգերում հաղթած նախագծերի հեղինակները կստանան դրամական պարգեւներ, իսկ լավագույնը ճանաչված նախագիծը կփորձարկվի քաղաքապետարանի կողմից՝ հետագայում ներդնելու նպատակով:
Ըստ Վահագն Ծատուրյանի, Երեւանի կառավարման ոլորտում արդեն ներդրված են մի շարք ՏՏ-լուծումներ, մասնավորապես, շտապ օգնության եւ կոմունալ ծառայությունների մեքենաները համալրված են GPS մոնիթորինգի համակարգերով, ինչպես նաեւ ներդրման փուլում են գտնվում թվային լուծումները հանրային տրանսպորտի ոլորտում: «Նշված լուծումների համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը ձեռք է բերվել դրսի արտադրողների կողմից, մինչդեռ մեզ համար շատ ավելի նախընտրելի կլիներ տեղական նախագծողների հետ աշխատելը»,- ասել է Վահագն Ծատուրյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ