17:45 | 25.11.11 | Նորություններ | 2952

ԱրմենՏել-ը համակարգչային ութ կենտրոն կբացի մարզերում

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը  Beeline) «Beeline պայծառ դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզային 8 դպրոցներին համակարգչային տեխնիկա է տրամադրել, իսկ նրանցից վեցին` նաեւ համակարգչային դասասենյակների նորոգման միջոցներ:

Բարեգործական ծրագիրն իրականացվում է 2011թ-ի հունիսին ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի միջեւ ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:

«Աջակցությունը մեր երկրի կրթական ոլորտին ԱրմենՏել-ի սոցիալական ծրագրերի հիմնական ուղղությունն է: Առավել մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի մարզային դպրոցներում կրթական մակարդակի բարձրացմանը, որտեղ մեր օգնությունը հատկապես պահանջված է: Շատ հաճելի է, որ «Beeline պայծառ դպրոց» նախագծի շնորհիվ նոր տեխնոլոգիաները, նոր գիտելիքներն ու հնարավորությունները հայ դպրոցականների համար ավելի մատչելի կդառնան», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Beeline պայծառ դպրոց» նախագծի առաջին փուլի շրջանակում ԱրմենՏել-ի ընկերության աջակցությունը կստանան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի 8 հանրակրթական դպրոց: