15:19 | 25.11.11 | Նորություններ | 2874

Orange-ը սկսում է համագործակցել Գորիսի եւ Կապանի համալսարանների հետ

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Սյունիքի մարզի երկու ամենամեծ քաղաքների համալսարանների հետ:

Գորիսի պետական համալսարանի եւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հետ ստորագրված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

«Կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երեւանն է եւ մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երեւանցիները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատեւ ու արդյունավետ կլինի», ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: 

Orange Արմենիա-ն Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցել է նաեւ 1-ական միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 18 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ եւ առաջադիմություն: