11:01 | 19.11.11 | Նորություններ | 1287

Start-Up Weekend Yerevan-ին արդեն կարելի է գրանցվել

Երեւան: Մեդիամաքս: ArmNet 2011 միջոցառումների շարքի շրջանակներում դեկտեմբերի 2-ից 4-ը կայանալիք Start-Up Weekend Yerevan նորարար նախագծերի մրցույթին այսօրվանից կարելի է մասնակցության հայտեր ներկայացնել:

Այդ մասին Մեդիամաքս-ին տեղեկացրել է SPMS ընկերության ներկայացուցիչ, Armnet 2011-ի համակարգող Ժիրայր Թերզյանը:

Մասնակցության հայտերը պետք է ներկայացնել 10 օրվա ընթացքում հետեւյալ հասցեով. www.yerevan.startupweekend.org:

Ժիրայր Թերզյանը տեղեկացրել է, որ գրանցումը վճարովի է կարժենա $10-ին համարժեք դրամ: «Start-Up Weekend-ների գլոբալ կանոնակարգը պահանջում է, որ գրանցումը լինի վճարովի; կանոնակարգով անդամավճարը կազմում է շուրջ $100, ինչը Հայաստանի պարագայում անիրատեսական է եւ որոշվել է սահմանել շատ ավելի փոքր գումար», - ասել է Ժիրայր Թերզյանը, հավելելով, որ մասնակցության վճարներից կազմվելու է միջոցառման մրցանակային ֆոնդը:

Երեւանյան միջոցառումն անցնելու է Start-Up Weekend-ների միջազգային ընդունված ձեւաչափով: «Ուրբաթ՝ դեկտեմբերի 2-ին, մասնակիցները հավաքվելու են, ներկայացնելու են իրենց մտքերը, այնուհետեւ տեղում ձեւավորվելու են խմբեր, որոնք աշխատելու են այս կամ այն մտքի վրա: Բուն աշխատանքները սկսելու են շաբաթ օրն առավոտյան եւ ավարտվելու են կիրակի, օրվա երկրորդ կեսին: Այնուհետեւ թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը, իսկ ժյուրին կընտրի  հաղթողին», - ասել է Ժիրայր Թերզյանը: