12:47 | 16.11.11 | Նորություններ | 1212

Գործարկվել է Հայաստանի բուհական համակարգի մասին պատմող պորտալը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) գործարկել է Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին պատմող անգլիալեզու պորտալը, որը հասանելի է www.studyinarmenia.org  եւ  www.amhe.am հասցեներով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր տեղեկացրել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ պորտալը Բոլոնյան համակարգին համահունչ շարժվելու տեղեկատվական մեծ հանգույց է:

“Մեր գերակայություններից է ՀՀ բարձրագույն կրթական համակարգն առավել գրավիչ եւ հասանելի դարձնել նաեւ կրթական ծառայություններ փնտրող օտարազգի ուսանողների համար` ապահովելով կրթության որակի եւ գնի լավագույն հարաբերակցությունը: Մենք հավակնում ենք դառնալ տարածաշրջանային կրթական կենտրոն` առավել ճանաչելի դառնալով եվրոպական կրթական տարածքում”,-ասել է նախարարը:

Պորտալում յուրաքանչյուր բուհ ունի իր առանձին էջը, իսկ ուսանողները կարող են առցանց դիմել ընդունելության համար` համապատասխան փաստաթղթեր լրացնելով: