16:25 | 15.11.11 | Նորություններ | 827
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը 2012-ին էապես կրճատելու է պետական բյուջեի դեֆիցիտը` այն հասցնելով 3%-ի:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ Ազգային ժողովում 2012թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս՝ կառավարության ղեկավարն ասել է, որ գործադիրն ուշադրության կենտրոնում է պահելու արտաքին եւ ներքին պարտքի բեռի խնդիրը, որպեսզի այն լինի կառավարելի:
“Միեւնույն ժամանակ, 2012-ին էապես բարելավելու ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը` հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացնելով շուրջ 101 մլրդ դրամով”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այս համատեքստում վարչապետը պարզաբանել է, որ “բարձր եկամուտներ ունեցողները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, քան ավելի ցածր եկամուտներ ունեցողները”:
“Այն բեռը, որ մենք դնում ենք շռայլության հարկի ձեւով, առաջին հերթին վերաբերում է հասարակության այն խավին, որն ունի բավարար եկամուտներ` նման ծախսեր իրականացնելու համար”,- նկատել է նա:
Վարչապետն ասել է, որ 2012-ին կառավարությունը 10%-ով ավելացնելու է 100 հազար ընտանիքների սոցիալական նպաստները` նշելով, որ այս սոցիալական փաթեթը խթանելու է տնտեսական աճը երկրի ներսում: