16:07 | 15.11.11 | Նորություններ | 967
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացվել է «Կրթություն եւ կարիերա Expo 2011» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
Այն կազմակերպել է Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:
Տոնավաճառն ուսանողությանը ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների եւ մոտեցումների բազմազանությունը, նպատակ ունենալով խրախուսել ուսումնական հաստատությունների եւ բիզնեսի միջեւ համագործակցությունը, տեղեկացնել, թե որոնք են շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, առաջարկել «գործատու-աշխատանք որոնող» հաղորդակցման եւս մեկ ուղի, խրախուսել պետական, մասնավոր եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներին` կրթական նոր նախաձեռնություններ ներկայացնելու հարցում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ներդրում կատարել երիտասարդ հայրենակիցների ապագայի կերտմանն ուղղված ծրագրերում` նպատակ ունենալով աջակցել երիտասարդների մասնագիտացմանը, նպաստել նրանց կատարելագործմանն ու կյանքում իրենց տեղը գտնելուն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Կարիերայի զարգացման ծրագիրը մենք մշակել ենք բիզնեսի եւ բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ կապի շարունակականություն ստեղծելու եւ աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան` ուսանողների համար մասնագիտական զարգացման հեռանկար ապահովելու նպատակով»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Կարիերայի զարգացման ծրագրի շնորհիվ, ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ, աշխատանքային հմտությունները կիրառել եւ զարգացնել իրական միջավայրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը ներառում է հետեւյալ բաղադրիչները. գործնական դասընթացներ եւ մասնագիտական պրակտիկա` ընկերության համապատասխան վարչություններում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, դասախոսություններ Հայաստանի բուհերում, սեմինարներ, տարբեր բնագավառներում մրցույթների կազմակերպում, ավագ դասարանների դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումների կազմակերպում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ ուսումնական համատեղ ծրագրերի իրականացում եւ շատ ավելին: