21:13 | 11.11.11 | Նորություններ | 1087

Սերժ Սարգսյանը Սթիվ Վոզնյակին է հանձնել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2011թ. մրցանակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2011 թվականի մրցանակը հանձնել է Apple Computers կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելությանը նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

“Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա եւս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք եւ թերեւս ամենակարեւորը՝ լինել ազնիվ եւ աշխատասեր: Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը եւ Սթիվ Վոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին` խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ երեխաներն էլ հասնեն բարձունքների եւ նման մեծ ծառայություն մատուցեն իրենց հայրենիքին եւ ամբողջ մարդկությանը”:

“Այսօր Հայաստանն արդեն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր ավելացված արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղն է, որն ամեն տարի արձանագրում է շուրջ 25 տոկոս աճ եւ առաջընթաց: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն գործում են 300-ից ավելի ընկերություններ, որոնք միավորում են 5000-ից ավելի մարդկանց ջանքեր, ովքեր ունեն սիրած աշխատանք, բարձր աշխատավարձ եւ պահանջված մասնագիտություն:

Շատ կարեւոր է գիտակցել, որ այս ոլորտի համար բացարձակապես խոչընդոտ չեն տրանսպորտային եւ այլ խնդիրները: Մենք հետեւողականորեն ճանապարհ ենք հարթելու, որպեսզի հայ ժողովուրդն իր արժանի տեղը զբաղեցնի արագ ձեւավորվող եւ փոփոխվող թվային աշխարհում: Մենք պատրաստ ենք լինել ճկուն եւ հարմարվել այս արագ փոփոխվող աշխարհի պայմաններին: Դրա վկայություններից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է”,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխությունը հնարավոր դարձրած բոլոր մարդկանց եւ շեշտել, որ դա “ներդրում է Հայաստան երկրի եւ մեր ժողովրդի ապագայի համար, իսկական ծառայություն հայրենիքին, որ գնահատված է”:

“Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք, եւ ուրախ եմ, որ արդեն մինչ այստեղ գալն ասել եք, թե դարձել եք Հայաստանի դեսպանը: Դա մեզ համար մեծ պատիվ է, հպարտություն, եւ մենք Ձեզ երախտապարտ ենք”,- նշել է ՀՀ նախագահը: