Սթիվ Վոզնյակ
Սթիվ Վոզնյակ
13:46 | 11.11.11 | Նորություններ | 3434
Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվ Վոզնյակն այսօր Երեւանում հայտարարել է, որ “մենք Սթիվ Ջոբսի հետ կատարյալ համադրություն էինք”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ուսանողների հետ հանդիպմանը Սթիվ Վոզնյակն ասել է, որ միշտ եղել եւ ցանկացել է լինել առաջին հերթին ինժեներ, եւ նրան երբեք չի հետաքրքրել ոչ փառքը, ոչ քաղաքականությունը եւ ոչ էլ բիզնեսը, մինչդեռ Սթիվ Ջոբսը գործարար էր եւ բիզնես-առաջնորդ:
Սթիվ Վոզնյակը պատմել է, որ փոքրուց սիրել է ինժեների գործը` նշելով, որ իր առաջին գյուտն արել է 10 տարեկանում, եւ դա տնային ռադիոն էր:
Անդրադառնալով Apple ընկերության հիմնադրման պատմությանը` Սթիվ Վոզնյակն ասել է, որ ամենադժվարն առաջին օրերն ու ամիսներն էին, հիմնականում այն պատճառով, որ նա աշխատում էր HP-ում եւ սիրում էր այդ ընկերությունը: Սակայն HP-ն հավանություն չտվեց իր համակարգչային ծրագրերին` ասելով, որ “սա ավելի շատ հոբբի է եւ սիրողական աշխատանք, քան լուրջ բիզնես”, որից հետո այլեւս ոչինչ չէր պահում նրան Apple-ին միանալու համար: “Սակայն դա շատ բարդ որոշում էր ինձ համար”,- հիշում է Սթիվ Վոզնյակը:
“Ինչ վերաբերում է Apple-ի անվանմանը, ապա մի անգամ Սթիվ Ջոբսը վերադարցավ խնձորի ֆերմայից եւ մտորելով մեր ընկերության անվանման մասին` առաջարկեց անվանել այն Apple Computers: Սա շատ պարզ եւ հարազատ բառ էր, որ մեր առօրյայում օգտագործվում է այնպիսի նշանակություններով, ինչպես օրինակ խնձորի կարկանդակ”,- նշել է ինժեները:
“Վաճառքի համար նախատեսված համակարգիչների առաջին բաժինը մենք վաճառել ենք $666,66-ով: Դա իմ առաջարկն էր, քանի որ միշտ սիրել եմ կրկնվող թվեր: Սակայն այն ժամանակ մենք ոչինչ չգիտեինք այս թվերի նշանակության մասին”, - խոստովանել է Սթիվ Վոզնյակը:
Լեգենդար ինժեները նաեւ խոստովանել է, որ այն ամենն, ինչ արել է, արել է ժպիտով եւ կատակով: Պատասխանելով այն հարցին՝ կվերադառնա արդյո՞ք Հայաստան, Սթիվ Վոզնյակն ասել է, որ շատ կցանկանար եւ որ մեծ տպավորություններ է ստացել Հայաստանից, ու իր համար մեծ պատիվ էր ստանալ այդ պատվավոր մրցանակը: “Հայաստանը դարձել է իմ մասնիկը”, - եզրափակել է լեգենդար ինժեները: