11:58 | 10.11.11 | Նորություններ | 2200

Adobe-ը հայտարարել է բջջային Flash Player-ի մշակումները դադարեցնելու մասին

Երեւան/Մեդիամաքս/. Adobe-ը պաշտոնապես հայտարարել է բջջային Flash Player-ի մշակումները դադարեցնելու մասին:

«Մենք այլեւս չենք հարմարեցնելու Flash Player-ը նոր բջջային բրաուզերներին, բջջային օպերացիոն համակարգերի նոր տարբերակներին եւ նոր սարքերին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Cnews-ը:

Flash Player-ի բջջային տարբերակների մշակումը դադարեցնելու պատճառների մասին խոսել է Adobe ընկերության փոխնախագահ Դենի Վինոկուրը:

«Ավելի քան 10 տարվա ընթացքում Flash-ը հնարավորություն ուներ ստեղծելու ամենահարուստ քոնթենթը եւ ներկայացնել այն բրաուզերներում, որոնք ինքնուրույն ի վիճակի չէի անել դա: Սակայն ներկայումս բոլոր ճանաչված բջջային սարքերը հարմարեցված են HTML5 օպերացիոն համակարգին, իսկ որոշ դեպքերում` միայն դրան (օրինակ` iPhone-ը եւ iPad-ը): Այսպիսով, HTML5-ն իրենց ներկայացնում է ավելի լավ լուծում` բջջային սարքերի վրա քոնթենթի ստեղծման եւ ցուցադրման համար»,- ասել է նա:

2010-ի ապրիլին իր բաց նամակում Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը խիստ քննադատության էր ենթարկել Flash տեխնոլոգիան` անվանելով այն բջջային սարքերի համար ոչ պիտանի: Որպես հիմնական թերություն Ջոբսը նշել էր ծրագրի փակվածությունը, անվտանգության ցածր մակարդակը, պրոցեսորին եւ, որպես հետեւանք, մարտկոցին բաժին ընկնող ծանրաբեռնվածությունը: