11:54 | 10.11.11 | Նորություններ | 2145
Երեւան/Մեդիամաքս/. Yahoo!-ն, AOL-ը եւ Microsoft-ը կնքել են ԱՄՆ-ում ինտերնետ-գովազդի վաճառքի շուրջ համագործակցության պայմանագիր: Ընկերությունները պարտավորվում են աջակցել միմյանց գովազդային մակերեսների ավելցուկները հաճախորդներին վաճառելու գործում, ինչը նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն կտա գովազդային պաստառները ցուցադրել լսարանի ավելի լայն շրջանակին:
Համաձայնագրին մասնակցողների գլխավոր նպատակն է պաշպանել պրեմիում դասի գովազդի վաճառքի հետ կապված բիզնեսը, այսօր գրում է “Վեդոմոստի”-ն: Սոցիալական ցանցերի եւ հատկապես Facebook-ի ժողովրդականության աճի հետեւանքով այս հատվածը վտանգի տակ է:
«Հուսով ենք, որ մեր ընկերություններից յուրաքանչյուրի CPM (cost per mille, վահանակի հազար ցուցադրման գինը) ցուցանիշը կպահպանվի պատշաճ մակարդակի վրա»,- ասել է Yahoo!-ի ամերիկյան ներկայացուցչության ղեկավար Ռոս Լեւինսոնը:
“Համաձայնագիրը բացառիկ չէ եւ ոչ ոքի չի արգելում զուգահեռաբար համագործակցել գովազդի այլ վաճառողների հետ: Բայց մեզանից ոչ մեկը մտադիր չէ վերին գնային հատվածի առցանց գովազդի վաճառքի շուրջ համագործակցել Google-ի կամ Facebook-ի հետ”,- ասել է նա: