15:13 | 03.11.11 | Հարցազրույցներ | exclusive 17707

Ի՞նչ կարող է տալ Կասպերսկու լաբորատորիան հայաստանցի ուսանողներին

Ավելի քան 3 տարի է, ինչ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը համագործակցում է հակավիրուսների արտադրությամբ զբաղվող հանրաճանաչ Կասպերսկու լաբորատորիայի հետ: Համալսարանի ինֆորմացիոն անվտանգության  եւ ծրագրավորման ամբիոնին կից ստեղծվել է «Կասպերսկու ակադեմիա», որն ամբիոնի համար հասանելի է դարձնում լաբորատորիայի բոլոր մեթոդաբանական ծրագրերը, որոնք էլ հետագայում օգտագործվում են ուսումնական գործընթացում: Ամբիոնի 20-ամյակի կապակցությամբ վերջերս Երեւան էին այցելել Կասպերսկու լաբորատորիայի մասնագետները եւ դասախոսություն կարդացել ժամանակակից կիբեռսպառնալիքների վերաբերյալ, ինչպես նաեւ պատմել ընկերության կրթական ծրագրերի մասին:

Մեդիամաքսի եւ Itel.am-ի հետ հարցազրույցում Կասպերսկու լաբորատորիայի ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովը եւ ընկերության կրթական ծրագրերի մենեջեր Իրանա Սելեզնյովան պատմել են կրթական ծրագրերում եւ Լաբորատորիայի նախաձեռնություններում հայաստանցի ուսանողների մասնակցության հնարավորության մասին:

- Պատմեք Կասպերսկու լաբորատորիայի կրթական ծրագրերի մասին, որոնց կարող են մասնակցել հայաստանցի ուսանողները:

Ի. Սելեզնյովա. – Ընկերությունն արդեն վաղուց ունի կրթական ուղղություն, եւ մենք մեծ կարեւորություն ենք տալիս դրան: Մենք կրթական միջոցներ ունենք ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների համար: Դասախոսներին մենք առաջարկում ենք ուսումնական նյութեր, պատրաստի դասընթացներ ուսումնական գործընթացում ներդնելու համար, որակավորման բարձրացման առկա եւ հեռակա ուսուցում, շատ հաճախակի կազմակերպվող վեբինարներ, որոնք հասանելի են ոչ միայն դասախոսների եւ ուսանողների, այլեւ բոլոր ցանկացողների համար: Համակարգչային անվտանգության շուրջ ընկերության կրթական ձեռնարկները, ինչպես նաեւ մեր կրթական նախաձեռնություններն անվճար կարելի է ներբեռնել մեր կայքից` (www.kasperskyacademy.com/ru)

Ինչ վերաբերում է ուսանողների ուսուցմանը, ապա նրանց համար գործում են գործնական, դիպլոմային աշխատանքների աջակցության ծրագրեր, ինչպես նաեւ  ամենամյա IT Security for the next generation միջազգային կոնֆերանսը, որն իր տանիքի տակ համախմբում է ուսանողներին, պրոֆեսորներին, ՏՏ անվտանգության ոլորտի փորձագետներին: Հաջորդ կոնֆերանսը կանցկացվի 2012-ի մարտին Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանում:
 
Այս կոնֆերանսին մասնակցելու համար հարկավոր է ներկայացված թեմաներով պատրաստել հետազոտական նախագիծ, որը տեխնիկականից բացի կարող է լինել սոցիալ-տնտեսական եւ իրավական: Աշխատանքը պետք է համապատասխանի նորարարության եւ պրակտիկ կողմնորոշման չափանիշներին:

Ս. Նովիկով. – Մեր ուսանողական կոնֆերանսը գիտական հետազոտությունների գործնական կիրառման եւ այնուհետեւ տեխնոլոգիայի վերածելու հիանալի հնարավորություն է: Որքան գործնական կողմնորոշում ունենան աշխատանքները, այնքան ավելի մեծ է դրանք արտադրության մեջ կիրառելու հավանականությունը, մասնավորապես` մեր Լաբորատորիայում: Կոնֆերանսի ձեւաչափն ուսանողներին հնարավորություն է տալիս փորձ փոխանակել ոչ միան միմյանց, այլեւ ընկերության փորձագետների եւ դասախոսների հետ:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում դիպլոմային աշխատանքների աջակցության ծրագիրը:

Ի. Սելեզնյոնա. - Որպեսզի Կասպերսկու լաբորատորիան աջակցի ուսանողներին իրենց դիպլոմային աշխատանքների հարցում, նրանց նախ եւ առաջ հարկավոր է ներկայացնել աշխատանքի ընթացքը եւ նշել, թե ի՞նչ փորձագիտական աջակցության կարիք ունեն: Եթե նախագիծը հետաքրքիր լինի մեզ համար, մենք սիրով կքննարկենք այն եւ կօգնենք ուսանողին հեռակա ռեժիմի խորհրդատվության միջոցով: 

- Դժվար է գտնել հայաստանցի ուսանող-ինֆորմատիկ, ով կհրաժարվեր ստաժավորում անցնել ձեր Լաբորատորիայում: Ի՞նչ է հարկավոր դրա համար:

Ի. Սելեզնյովա. – Ստաժավորումը Մոսկվայում նույնպես անց է կացվում մրցույթային կարգով: Ամառային ամիսներին ուսանողները դառնում են մեր աշխատակիցները եւ ստանում գործնական փորձ: Մեր գործնական աշխատանքներին մասնակցելու համար պետք է անցնել հարցազրույց:

- Մի շարք ՏՏ-կորպորացիաներ հետազոտությունների եւ ծրագրավորման կենտրոններ են բացել Հայաստանում: Կասպերսկու լաբորատորիան ունի՞ նման ծրագրեր:

Ս. Նովիկով. – Ընկերությունն առայժմ չունի նման ծրագրեր, չնայած նշեմ, որ մեզ համար չափազանց կարեւոր է հետազոտողների թիմ ունենալ Մերձավոր Արեւելքում, եւ մեզ մինչ այժմ չի հաջողվել գտնել նրանց: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, որ առաջիկայում արժե քննարկել այդ հավանականությունը: