18:06 | 13.10.11 | Նորություններ | 3250

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները Երեւանում ժամանակակից կիբերվտանգների մասին դասախոսություն են կարդացել

Երեւան/Մեդիամաքս/. «Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետներն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկայացրել են ընկերության զարգացման պատմությունը, կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաեւ ժամանակակից կիբերվտանգները:  

«Կասպերսկու լաբորատորիա»-ի ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար  Սերգեյ Նովիկովը հայտնել է, որ եթե մի քանի տարի առաջ լաբորատորիայի տվյալների բազա օրական 30 հազար վիրուսներ եւ վտանգավոր ծրագրեր էին մտնում, ապա ներկայումս դրանց թիվը միջինում օրական 70 հազար է կազմում:

Սերգեյ Նովիկովը նշել է, որ բացի վիրուսների դինամիկ աճից, նկատվում է նաեւ դրանց բարդացման միտում, ինչպես նաեւ հարձակումներ աճ մասնավոր եւ պետական հատվածի նկատմամբ:

Կրթական ծրագրերի գծով «Կասպերսկու լաբորատորիա»-ի մենեջեր Իրինա Սելեզնյովան ներկայացրել է ընկերության կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները: Նա հայտնել է, որ բացի համակարգչային անվտանգության մասին անձնական կրթական ձեռնարկների մշակումից, որոնք հասանելի են անվճար ներբեռնման համար ընկերության կայքում՝ ընկերությունն ամսական երկու անգամ վեբինարներ (առցանց սեմինարներ) է անցկացնում, որոնցից մեկը սպասվում է հոկտեմբերի 18-ին եւ նվիրված կլինի սոցիալական ցանցերի վտանգներին:

Ընկերության կրթական նախաձեռնությունների մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ` www.kasperskyacademy.com/ru:

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետների հանդիպումը դասախոսների եւ ուսանողների հետ ՀՊՃՀ-ն կազմակերպել էր տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: