12:50 | 13.10.11 | Նորություններ | 3561

    Երեւանում մեկնարկում է “Արեւորդի” բնապահպանական փառատոնը

    Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 14-ից 18-ը Երեւանում կկայանա Հարավային Կովկասում միակ բնապահպանական միջազգային փառատոնը`”Արեւորդին”:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս տարի փառատոնն անց է կացվում 3-րդ անգամ եւ կընթանա “Քո հետքը բնության մեջ” խորագրի ներքո:

    “Արեորդի” փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր ասել է, որ փառատոնը կմեկնարկի կենդանիների դիմակահանդես-շքերթով:

    Նրա խոսքով, փառատոնն այս տարի ունի ֆիլմերի 4 ծրագիր: Ներկայացված 100 ֆիլմերից ընտրվել են 70-ը, որոնք կցուցադրվեն 11 կինոսրահներում, իսկ այնուհետ` նաեւ ՀՀ մարզերում: Փառաըտոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ միջազգային համաժողով` “Հարավային Կովկասում քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի դերը վայրի բնության  պահպանման գործում” թեմայով:

    “Մենք փորձ ենք արել այս փառատոնում ընդգրկել հասարակության տարբեր շերտերին, հատկապես երեխաներին, եւ բարձրացնել նրան իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների շուրջ”,- ասել է փառատոնի տնօրենը, նշելով, որ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի փառատոնի ցոսւցադրություններին կմասնակցի շուրջ 5000 դպրոցական: 

    Իր հերթին փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը ողջունում է այս նախաձեռնությունը:

    “Մենք պետք է գիտակցենք, որ այն, ինչ այսօր անում ենք, վաղը փոխանցելու ենք մեր երեխաներին, ուստի պետք է աշխատենք մաքուր պահել մեր միջավայրը”,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: